Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկայում հրեական «Հակադիֆամացիոն լիգա» կազմակերպության ղեկավար Ջոնաթան Գրինբլադը ասել է, որ 1915 թվականին հայերի դեմ իրականացվածը, «անկասկած, ցեղասպանություն է եղել»` դատապարտելով դրա ժխտումը:
Ըստ «Ակօս»-ի` ԱՄՆ-ում ամենահզոր կազմակերպությունը երկար ժամանակ խուսափում էր «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, միաժամանակ` ակտիվ գործողություններ իրականացնում ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ` ի նպաստ Թուրքիայի:
Կայքը հիշեցնում է, որ 2005 թվականին Էրդողանը վարչապետության ժամանակ «Բացառիկ քաջություն» մրցանակ է ստացել կազմակերպության կողմից, իսկ այս տարի Էրդողանը կազակերպության ներկայացուցիչներին հյուրընկալել էր իր նստավայրում:
Կազմակերպության ղեկավարը Ցեղասպանության ճանաչման մասին մայիսի 13-ին համացանցային իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն էր: Այս ցեղասպանությունն սկսվել է իշխանությունների կողմից հարյուրավոր հայ մտավորականների ձերբակալմամբ և սպանությամբ, որին հաջորդեցին հայ ընտանիքների տեղահանությունն ու մահվան երթերը: Հայ ազգը ենթարկվել է տեղահանության, կողոպուտի, առևանգումների, կտտանքների, սպանությունների և սովի»:
Գրինբլադն իր հայտարարության մեջ տեղեկացրել է նաև, որ այսուհետ աջակցելու է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչման աշխատանքներին: «Լռությունն ընտրություն չէ: Պատմության մեջ տեղի ունեցած ցեղասպանությունների մասին երիտասարդներին ներկայացնելը մեր ամենամեծ պատասխանատվությունն է: 1915 թվականը, Համաշխարհային երկրորդ պատերազմն ու պատմության մյուս էջերի մասին պետք է պատմել և սովորեցնել»,- գրել է նա:
Այս մասին կարծիք է հայտնել ԱՄՆ-ում հայտնի հայ իրավաբան և հայ իրավաբանների միության նախկին անդամներից Էդվին Մինասյանը: Նա նշել է, որ կազմակերպությունն այսուհետ պետք է աջակցի Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին, այլ ոչ թե դրանց խոչընդոտ հանդիսանա: