կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 12:11
Իրավական

Ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ ապրիլյան հանցագործությունների հարցով միջազգային քրեական դատարան դիմելու համար

Ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ ապրիլյան հանցագործությունների հարցով միջազգային քրեական դատարան դիմելու համար

Մի խումբ լրագրողներ և իրավաբաններ քայլեր են ձեռնարկել միջազգային ատյաններում Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմական գործողությունները որպես միջազգային հանցագործություն ճանաչելու և դրանց հետևանքով տուժած անձանց խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու ուղղությամբ: Նախաձեռնության անդամները նպատակ ունեն քաղաքացիական հասարակության, ինչպես նաև արտասահմանում գործող տարբեր ՀԿ-ների միջոցով հարցը քննարկման առարկա դարձնել միջազգային ատյաններում, մասնավորապես` ՄԱԿ-ի ԱԽ-ում:

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ նախաձեռնության հեղինակներից իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ապրիլյան իրադարձություների հետ կապված հնարավորություն կա դիմելու միջազգային երկու ատյան` ՄԻԵԴ և Միջազգային քրեական դատարան: Նա ներկայացրեց երկու դատարանների հիմնական տարբերությունները` նշելով, որ հաճախ հանրության շրջանում շփոթմունք է առաջանում:

«ՄԻԵԴ դիմել կարող է կոնկրետ տուժողը, իսկ Միջազգային քրեական դատարան` պետությունը, կամ` քրեական դատարանի դատախազն իր նախաձեռնությամբ կարող է հարուցել գործ: ՄԻԵԴ-ը գործը քննելիս ճանաչում է կամ չի ճանաչում Եվրոպական կոնվենցիայի խախտում, իսկ Միջազգային քրեական դատարանը ղեկավարվում է Հռոմի ստատուտով»,- տեղեկացրեց փաստաբանը:

Նշենք, որ Հայաստանը ստորագրել, բայց մինչ օրս չի վավերացրել Հռոմի ստատուտը: Ըստ Բաղդասարյանի` միջազգային քրեական դատարան կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ն: «Մեր պետությունը, քաղհասարակությունն ակտիվություն պետք է ցուցաբերեն, այնպիսի քայլեր պետք է ձեռնարկել, որ հարցը քննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում, դրական եզրակացության արժանա, ապա` դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին, որ նա քննություն սկսի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին` արդյո՞ք միջազգային ատյաններին դիմելու հնարավորությունը չի սահմանափակվի, քանի որ ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, փաստաբանը պատասխանեց. «Կան նախադեպեր, օրինակ` Սուդանի դեպքը, որը ՄԱԿ-ի անդամ չէր, չճանաչված պետություն էր, չէր վավերացրել տվյալ փաստաթուղթը, բայց ՄԱԿ-ի ԱԽ-ն նրա համար դիմել է քրեական դատարան»:

Նշենք, որ ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 121-ը վավերացրել են Հռոմի ստատուտը, իսկ 31 պետություն, այդ թվում` Հայաստանը, ստորագրել, սակայն չեն վավերացրել: Ադրբեջանն ընդհանրապես չի ստորագրել ստատուտը: