Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում քննարկվում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Այն անցավ բավական թեժ մթնոլորտում: Քննարկման ընթացքում լեզվակռիվ սկսվեց հանձնաժողովի նախագահի և պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջև:
«Գոնե սպորտային հետաքրքրության համար Ձեզ չի՞ հետաքրքրում՝ որ ոլորտում եք հաջողել: Ամբողջ աշխարհում վառելիքի գները իջնում են, մեզ մոտ` բարձրանում, էլ չեմ ասում գազի մասին»,- ասաց Քոքոբելյանը:
Արտակ Շաբոյանը նշեց, որ բուժհաստատություններում կա մեծ առաջընթաց:
Նրա այս պատասխանն ավելի զայրացրեց Խաչատուր Քոքոբելյանին: «Հարց եմ տալիս, թե կարող ես, ուղիղ պատասխանիր, հակառակ դեպքում` պիտի ներողություն խնդրես… Սա ԱԺ է, այլ ոչ թե դպրոց: Հարգարժա\'ն Շաբոյան, վառելիքի, ծխախոտի մրցակցային շուկան կայացած չէ, Դուք մի անուն տվեք, որ Ձեր միջամտությամբ տեղի է ունեցել առողջ մրցակցություն, ու շուկա է մտել նոր ներմուծող: Իսկ եթե չէ, ասեք` ժողովո\'ւրդ, կներեք մեզ մոտ չի ստացվում: Որտեղ Ձեր մատը կպել է՝ մի կարևոր ոլորտում մի կարևոր փոփոխություն եղե՞լ է»,- բարկացած ասաց պատգամավորը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հորդորեց նրանց հանգիստ, ցածր տոնով խոսել՝ առանց անձնական վիրավորանքների: Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց, որ չի էլ ցանկանում այդ դաշտը տեղափոխվել, ապա ավելացրեց. «Ես շատ կարեկցանքով եմ վերաբերվում Ձեզ, պարո\'ն Շաբոյան, քանի որ գիտեմ՝ ինչ պատմությունների մեջ եք ընկնում, սակայն դա չի նշանակում, որ չպետք է բարձրաձայնենք այդ հարցերը: Մրցակցությունը կբերի գների կայունության»: