կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 16:34
Քաղաքական

Հանրայինը ընդդիմության ներկայացուցիչներին հաղորդումների չի հրավիրում. Քոքոբելյանը դժգոհ է

Հանրայինը ընդդիմության ներկայացուցիչներին հաղորդումների չի հրավիրում. Քոքոբելյանը դժգոհ է

Այսօր ԱԺ նիստում Հանրային հեռուստա-ռադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը ներկայացրեց ընկերության 2013թ. գործունեությունը:

 

Նա նշեց, որ ավելացել են գիտական, կրթամշակութային և մանկական, Հայաստանում ապրող փոքրամասնությունների պատմության, կենցաղի ու մշակույթի մասին պատմող հաղորդումները: Փոփոխվել են բազմասերիանոց հեռուստասերիալները, դրանց փոխարեն պատրաստվում են 16 մասանոց հեռուստաֆիլմեր, որոնք ներկայացնում են հասարակության այն հատվածների գործունեությունը, որոնք դուրս էին մնացել հանրության ուշադրությունից, օրինակ` «Հանրային շտապօգնություն», «Մեր գյուղը» և այլն:

 

«Ոչ միայն փոխեցինք եթերի քաղաքականությունը, այլև եթեր հեռարձակվեցին մեկ տասնյակից ավելի նոր հաղորդումներ: Հանրայինի պատմության մեջ վերջին տարիների ընթացքում սկսեցինք հեռուստաընկերության տեխնիկայի փոփոխության և նոր թվային տեխնիկայի ձեռքբերման գործընթաց, հիմնանորոգվեցին շենքեր, կառուցվեցին նոր տաղավարներ»,- ասաց Ռուբեն Ջաղինյանը:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գովեց Հանրայինի աշխատանքը և հաղորդումները: «Գոհ եմ, որ կա «Հայադարան» հաղորդումը, «Հանրալսարան» փայլուն հաղորդումը: Նստում, լսում, սովորում ենք: «Հայ ասպետ»-ը շարունակում է իր հաղթարշավը, «Հայոց հարց»-ը, «Հայ-քյու» ինտելեկտուալ հաղորդումը: Պարզապես ցանկալի կլիներ, որ պրայմ-թայմ ժամերին հեռարձակվեին այդ հաղորդումները»,- ասաց նա:

 

Իսկ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դժգոհ էր Հանրայինից, նա որակական փոփոխություն չի տեսնում: Ըստ նրա` Հանրայինը բառացիորեն չի համապատասխանում բովանդակությանը, օրինակ` քաղաքական հաղորդումների չեն հրավիրվում ընդդիմության ներկայացուցիչներ:

 

«Տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, բայց միացնում ես Հանրայինը, բացարձակ այլ բան է ցուցադրվում»,- դժգոհեց պատգամավորը` հավելելով, որ զուտ տեխնիկական հագեցվածությունը դեռ քիչ է փոփոխությունների համար: