կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-10 15:09
Հասարակություն

Պետք է կարողանանք այս անգամ էլ Իրանի հետ հարաբերությունները պահպանել, զարգացնել. իրանագետ

Պետք է կարողանանք այս անգամ էլ Իրանի հետ հարաբերությունները պահպանել, զարգացնել. իրանագետ

Բավական բարդ իրավիճակ է ստեղծվում Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Իրանում` կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն որոշման հետ, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

«Խոսքը Իրանի և 5+1 խմբի երկրների միջև կնքված միջուկային համաձայնագրի մասին է: Համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականին: Բոլոր պարտավորությոնները, որոնք ստանձնել էր, Իրանը շարունակում է  կատարել, մասնավորապես` ուրանի չհարստացման դրույթը: Ըստ ԱԷՄԳ-ի` վերջին 10 զեկույցների` Իրանը շարունակում է  կատարել այդ մասով իր ստանձնած բոլոր պարտավորությունները»,- շեշտեց իրանագետը:

Նա նշեց, որ պատահական ու զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը դուրս եկավ այս համաձայնագրից, քանի որ Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, որ այդ համաձայնագիրը խելագարություն է, և ընտրվելու դեպքում կչեղարկի այն:

Իրանագետի կարծիքով` սրանով դարձյալ սկսվելու են տնտեսական դժվարություններ Իրանի համար: «Թեև Իրանն ադապտացվել է  նմանատիպ պայմաններում աշխատելուն, բայց, այնուամենայնիվ, Իրանին սա անհանգստացնում է: Թրամփի հայտարարությունից հետո Հասան Ռոհանին բավական կոշտ արձագանքեց տեղի ունեցածին և նախանշեց այն ուղիները, որոնցով Իրանը շարժվելու է  այս նոր իրավիճակում»,- տեղեկացրեց Տոնոյանը:

Նա նշեց, որ մինչ այդ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ Իրանն էլ դուրս կգա համաձայնագրից, և վերսկսվելու է ուրանի հարստացումը արդյունաբերական մակարդակով, սակայն Ռոհանիի հայտարարությունն ավելի մեղմ էր: «Ռոհանին նշեց, որ Իրանը շարունակելու է  դեռևս հավատարիմ մնալ համաձայնագրին, եթե եվրոպական երեք պետությունները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաև Ռուսաստանն ու Չինաստանը շարունակեն ևս հավատարիմ մնալ այդ համաձայնագրին: Եղավ կոչ, որ այդ երկրները  շտապեն հստակեցնել իրենց դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը և կոչը պայմանավորեց Թրամփի այն հայտարարությամբ, որ  այն պետությունները, որոնք չեն միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, նույնպես կհայտնվեն պատժամիջոցների տակ:

Բանախոսը նշեց, որ դա կարող է ուղղված լինել ինչպես համաձայնագրի անդամ պետություններին, այնպես էլ աշխարհի մյուս երկրներին: «Իրանական կողմին անհանգստացնում է հենց այդ պետությունների դիրքորոշումը, քանի որ միջուկային համաձայնագրից հետո բավական ակտիվ տնտեսական հարաբերություններ էին կառուցվում այդ երկրների հետ: Իրանը պահանջում է  երաշխիքներ, որ տնտեսական պատժամիջոցներին այդ երկրները չեն միանան: Շեշտվում է, որ այդ երաշխիքները պետք է տրվեն շատ արագ»,- ասաց նա և հավելեց, որ թե' Ֆրանսիայի, թե' Գերմանիայի, թե' Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների պատասխանատուներն արդեն իսկ կատարել են հայտարարություններ կապված միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու հետ:

Տոնոյանի խոսքով` այդ հայտարարություններն այս պահի դրությամբ  կարելի է  բնորոշել պրոիրանական` քննադատական խոսքեր են հնչել Թրամփի այդ հայտարարության վերաբերյալ:

Իրանագետն անդրադարձավ նաև այն խնդրին, թե Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումն ինչպե՞ս կանդրադառնա այդ երկրի վրա և, հաշվի առնելով Հայաստան-Իրան հարաբերությունները, նաև` Հայաստանի: Նա նշեց, որ մեզ համար անհանգստացնող է Թրամփի այն հայտարարությունը, որ այն պետությունները, որոնք չեն միանա պատժամիջոցներին, կհայտնվեն նույն պատժամիջոցների տակ: «Այստեղ պետք է Հայաստանի իշխանությունների կողմից անհրաժեշտության դեպքում լինեն ընդգծումներ, շեշտադրումներ, որ մենք գտնվում ենք աշխարհագրական այնպիսի իրավիճակում, աշխարհաքաղաքական այնպիսի իրողության պայմաններում, որ Հայաստանը, ըստ էության, չունի այլընտրանքներ: Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն շարունակական, պահպանվեն և զարգանան: Չունենալով մեր հարևանների հետ հարաբերություններ` միակ բաց ճանապարհը Իրանի և Վրաստանի հետ է, չունենք այլընտրանքներ: Սա պետք է գիտակցվի Իրանի հետ հարաբերություններ ճշգրտող երկրների կողմից: Նախկինում ունեցել ենք նմանատիպ իրավիճակ և ըմբռնումով են մոտեցել Հայաստանի դիրքորոշմանը: Մենք պետք է այս անգամ ևս կարողանանք Իրանի հետ մեր հարաբերությունները պահպանել, զարգացնել»,- ասաց Տոնոյանը: