Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախաձեռնությունը ընտրախախտման պատժի խստացման վերաբերյալ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով:
Էդմոն Մարուքյանի կարծիքով` տուգանքը մեղմ պատժաչափ է նման արարքի համար եւ չի կարող ապահովել պատժի՝ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները: Նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, եւ թողնել միայն ազատազրկման ձեւով պատիժը, քանի որ այս դեպքում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը, եւ որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իսկապես կա անվստահություն ընտրական պրոցեսի նկատմամբ, կան պրոֆեսիոնալ ընտրակեղծարարներ, կա փորձ, և պետք է փոքր-ինչ խիստ մոտեցում ցուցաբերվի, մինչև փոխվեն կարծրատիպերն ու մոտեցումները:
«Ես կառաջարկեի, որ այդ բոլոր քրեական կեղծիքների ու հանցագործությունների պատիժը մի մակարդակ բարձրացնենք` ազատազրկման ու տուգանքների առումով: Մեր երկրի պարագայում ընտրական հանցագործություններն ավելի ծանր են, քան իրավաբանորեն ամրագրված հանցանքները: Կարծում եմ, որ այս հանցանքների պարագայում պետք է խստացնել թե' տուգանքները, թե' պատժաչափերը»,- ասաց Աղվան Վարդանյանը` առաջարկելով հեղինակին ու կառավարությանը` միասին աշխատել ու խստացնել ընտրական հանցագործությունների պատժաչափը: