կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 14:41
Իրավական

Քննիչը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության մեջ

Քննիչը հանիրավի մեղադրվել է ծանր հանցագործության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Հայկ Վ.-ն, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին, կատարել է սուտ մատնություն:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հայկ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ  քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, վերջինս իրեն 9 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկել է` պահելով հիշյալ քննչական վարչությունում, իսկ հարցաքննությունը տևել է ընդամենը 1 ժամ:

Բացի այդ, հարցաքննության արձանագրության տակ թեև ինքը ստորագրել է, սակայն քննիչին տեղեկացրել է, որ գրել-կարդալ չգիտի, իսկ հետագայում պարզել է, որ քննիչն իր տված ցուցմունքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հայկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես` կատարված մի շարք քննչական գործողությունների արդյունքում հերքվել են Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տևական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տվյալները: Կատարված քննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.-ի հաղորդման մեջ նշված` քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալները:

Այս կերպ՝ Հայկ Վ.-ն քննիչ Վ.Հովհաննիսյանին անհիմն մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործության մեջ, այն է՝ քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը` ապօրինի ազատությունից զրկելու եղանակով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Հայկ Վ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: