Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Այսպես, Կարեն Պողոսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Խաչատրյանին և ՀՀ ՔԿ նույն բաժնի նախկին քննիչ Հ. Պետրոսյանին մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նշված բաժնի մեկ այլ նախկին քննիչ Հ. Խաչատրյանին` խոշտանգում կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Ըստ այդմ` որոշում է կայացվել նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Կ. Պողոսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքը ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաև նկարագրել է հարվածող անձին, մինչդեռ ինքը իրականում նման ցուցմունք չի տվել:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց և Հ. Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները անհայտ անձի կողմից արարքը կատարված լինելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հ. Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, և քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հայկ Աբաղյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում, գողության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մեղադրել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործություների կատարման մեջ: Մասնավորապես, Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են տվել, որ իրենց վերաբերյալ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ են տվել, քանի որ նշված քրեական գործով վարույթն իրականացրած` ՀՀ ՔԿ Սպիտակի քննչական բաժնի քննիչ Աշոտ Եղիազարյանը իրենց հավաստիացրել է, թե մեղքն ընդունելու դեպքում ազատ կարձակվեն դատարանի կողմից:
Բացի այդ, Զ. Նասլյանը հայտնել է, որ քննիչ Ա. Եղիազարյանը, ցուցմունքն իր փոխարեն գրի առնելով, դրանում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինքն էլ առանց ցուցմունքը կարդալու քննիչի թելադրանքով դրա իսկության վերաբերյալ համապատասխան գրառում է կատարել և ստորագրել այն: Տ. Գրիգորյանն էլ իր հերթին հայտնել է, որ Ա. Եղիազարյանի կողմից ձերբակալվելուց հետո վերջինս իրեն որպես կասկածյալ չի հարցաքննել, փոխարենը իրեն հարցաքննել է նույն քննչական բաժնի մեկ այլ քննիչ, ում վարույթում իր վերաբերյալ քրեական գործը չի քննվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, մասնավորապես, հարցաքննված անձանց ցուցմունքներով և քննությամբ ձեռք բերված այլ փաստական ապացույցներով հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի վերը նշված քննիչների կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ:
Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով: Զ. Նասլյանի ու Տ. Գրիգորյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հոսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: