Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. նոյեմբերի 11-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 17-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն ընկերոջ հետ իրեն բռնաբարել են: Այնուհետև 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճըն քաղաքում նույն անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել, որից հետո ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն իրեն թմրանյութ է տվել՝ այն ամուսնու ավտոմեքենայում տեղադրելու համար՝ վերջինիս բռնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ի կողմից սեռական անձեռնմխելիության և պետական ծառայության դեմ ուղղված հանցանքներ կատարելու, ինչպես նաև մոր՝ Զոյա Ս.-ի կողմից դրան հանցակցելու վերաբերյալ Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես՝ պարզվել է, որ Գոհարիկ Ս.-ի ամուսինը՝ Արթուր Ա.-ն, կնոջը կասկածելով Արթուր Բ.-ի հետ սիրային կապ ունենալու մեջ, վերջինիցս վրեժխնդիր լինելու նպատակով, հոգեկան և ֆիզիկական հարկադրանք գործադրելով՝ Գոհարիկ Ս.-ին դրդել է սուտ մատնության: Ամուսնուց վախենալով՝ վերջինս 2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ա.-ի գործադրած հոգեկան և ֆիզիկական հարկադրանքի ազդեցության տակ Գոհարիկ Ս.-ն 2016թ. հունվարի 29-ին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, այնուհետև 2016թ. մարտի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դարձյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է եղբորը և նույն Արթուր Բ.-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, թե, իբր, 2013-2015թթ. ընթացքում իրեն ու եղբորը ներգրավելով հանցավոր գործունեության մեջ՝ Արթուր Բ.-ն իրենց թմրամիջոցներ է տվել, որոնք դրել են իրենց տան հյուրերի հագուստներում և ավտոմեքենայում, որից հետո Արթուր Բ.-ն վերջիններիս դրսում բռնել և պատասխանատվությունից ազատելու դիմաց նրանցից գումար է շորթել:
Այս կերպ՝ Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու և սուտ մատնությանը դրդելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: