Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ, փողոցում դեմ առ դեմ հանդիպելով Արամ Մանուկյանին, որի հետ անձամբ ծանոթ չեմ, տեսա, որ անկախության հռչակագիրը կարդացած երիտասարդն արդեն պատկառելի տղամարդ է `սպիտակող մազերով: Ուրեմն՝ մեր անկախությունն այդքան մեծացել է: Այլ բան՝ որ «հասունացել» ու «մեծացել» բայերի մեջ էական տարբերություն կա:
Մի քանի տասնյակ պատճառ կարելի է նշել, թե ինչու այսպես ստացվեց: Բայց դրանց մեջ կա մեկը, որն ինձ առանձնապես դուր եկավ, գուցե այն պատճառով, որ առաջին անգամ էի լսում կամ, որ նոր էի լսում: «Երկիր Մեդիա»-ով քննարկվում էր մեր անկախությունը, եւ հյուրերից մեկը` Շանթ Հարությունյանը, որն առանձնապես երբեք ջանք չի թափում տպավորիչ ու կիրթ խոսել, բայց ասում է ողնուղեղային ճշմարիտ բաներ, ըստ իս, ասաց, թե մեր անկախությունը չստացվեց այն պատճառով, որ սերունդը, որն իր վրա կրեց 88-ի ողջ ծանրությունը` 60-ականներին ծնված սերունդն էր, բայց նրան թույլ չտվեցին դառնալ այդ անկախության առաջնորդներ, ու ասպարեզը զբաղեցրին 40-ականներին ծնված Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ուրիշներ՝ դարձյալ այս սերնդից:
Գուցե սա հին ճշմարտություն է, բայց ես չէի նկատել, չէի մտածել այս մասին ու հիմա ուշացումով իմացա: Գուցե իսկապես ուրիշ լիներ Հայաստանը, եթե սերունդը, որ, իրոք, մի տեսակ զոհ գնաց` ուղղակի եւ անուղղակի իմաստով, ինքը դառնար երկրի տերը: Երեւի եթե Հասանաբադում զոհված Վարդան Բախշյանը պիտի լիներ հանրապետության կրթության առաջին նախարարը, ու այդ դեպքում նրան չէին ասի, թե հիմա բոլոնյան թե ոչ բոլոնյան ծրագրով ենք թուլամիտ դարձնելու սերունդը, այլ ինքն էր ասելու ինչպես պետք է կրթել, ինչ ծրագրով, ու իր խոսքը գուցե վճռորոշ էր լինելու: Այդ ժամանակ դժվար թե հանրակրթարանները պատանի հանցագործի դպրոց լինեին, ու անկախ Հայաստանի ուսուցիչները` բանալիների խուրձը ձեռքներին պտտեցնող ու չգիտես ինչու՝ միշտ գեստապոյականի կեցվածքով կանգնած կնանիք չլինեին, այլ բարեկիրթ տիկնայք ու կրթված պարոնայք:
Որովհետեւ եթե այնպես լիներ, ինչպես ասաց Շանթը, ապա վարչապետները ուրիշ մտածելակերպով մարդիկ կլինեին, ու պետբյուջեն սողանք չէր տա, եւ բարեկիրթ ուսուցիչներին ըստ արժանվույն վարձատրելու հնարավորություն կլիներ: Գուցե իրոք, եթե Մոնթե Մելքոնյանը լիներ երկրի պաշտպանության նախարարը, անմեղսունակ սպաների օրոք օրական մի զինվոր չէր զոհվի՝ առանց պատերազմի: Բայց չէ, նույնիսկ եթե Մոնթեն ողջ մնար, նախարար չէր լինի, որովհետեւ քաղաքացիության խնդիր կունենար: Այդ դեպքում, ասենք, մեր սերնդից թող Դավիթ Սրապյանը` Դեւը, պաշտպանության նախարար լիներ, որի մասին Արկադի Տեր-Թադեւոսյանն ասում է. «Շատ մարդիկ են ինձ դիմում խնդրանքով՝ հաստատելու ճակատում իրենց եղած լինելու փաստը: Ես պատասխանում եմ. այո, դուք եղել եք այնտեղ, բայց դուք Դավիթ Սրապյան չէիք` այդ ֆանտաստիկ քաջ զինվորը»:
Հաստատ շտաբի պետը Խաչատուրովը չէր լինի: Եթե այնպես լիներ, ինչպես Շանթ Հարությունյանն էր ասում, ապա Մովսես Գորգիսյանը չպիտի անկախության խորհրդանիշ լիներ, այլ անկախությունը իրականություն դարձնողներից մեկը, որովհետեւ դժվար է նրան կաշառք վերցնելիս պատկերացնել: Երեւի եթե Արտակ Արզումանյանը լիներ մեր մեկ այլ նախարարը` սուզվող նավի ուղեւորների նման փրկօղակի տենդի մեջ չէինք լինի: Բայց այս սերունդն արդեն մարդաշատ չէ:
80-ականների սերնդի այն մասը, որ պիտի դառնար այսօրվա քաղաքական, մշակութային ու գիտական էլիտան, չկա: Փոխարենը մարդաշատ է Եռաբլուրն ու Ղարաբաղի Հաղթանակի այգին: Մնացած մասը քսան տարվա մեջ հանձնեց իր` պայքարի համար պատիվ պահանջողի դիրքերը: Շանթ Հարությունյանը վստահ է, որ հենց այս սերունդը երկրորդ անգամ պետք է փորձի ու հասնի հաղթանակի` այս անգամ չզիջելով իր դիրքերը ուրիշ սերունդների: Ես վստահ չեմ: Սերունդն արդեն կորցրել է իր ինքնավստահությունը, ուրիշ սերունդ է ավելի առաջադեմ ու ավելի կրթված, բայց երկրի հանդեպ նվազ կապվածությամբ: Մեզ պակասում են նրանց հատկանիշները, նրանց` մեզ:
Մնում է միասին ինչ-որ բան անելու տարբերակը, բայց այս դեպքում նրանք կարող են լինել 80-ականների սերնդի տեղում, իսկ մեր սերունդը կդառնա նրանց համար 40-ականների այն սերունդը, որ կփորձի տեր կանգնել նրանց վաստակած նորանկախությանը: Ամեն դեպքում, թող գա այդ անկախությունը, որի հիմնը չի լինի «արեւը վառ, ճամփան երկար, մենակ գնում էին, գնում…» հեքիաթի քառատողը:
Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ