Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանն Արցախում Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման արդյունքում դեպքերի ակնկալվող զարգացումներին և մի շարք այլ հարցերի:
Ըստ Իշխանյանի` ցանկացած ռազմական կոնֆլիկտի վերջակետը խաղաղ կարգավորումն է, ռազմական գործողությունները հարատեւ չեն կարող լինել: «Մեզ համար մի բան հստակ է՝ այս հարցի լուծումն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, կարգավիճակի հարցի լուծումը և, բնականաբար, նաև հարաբերությունները` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և, ընդհանրապես, համաշխարհային հանրության հետ: Ադրբեջանը, սակայն, նախընտրեց այլ տարբերակ` վերջին տարիների իր ռազմատենչ հայտարարություններին արդեն գործնական քայլ հաղորդեց, ապրիլի 2-ին սկսված ռազմական գործողություններով փորձեց հարցը վճռել»,- ասաց նա և հավելեց, որ դժվար է ասել` բանակցային գործընթացը ինչ փուլերով կընթանա, քանի որ այն փուլերն ու պատկերացումները, որ կային մինչև ապրիլի 2-ը, այլ էին:
Իշխանյանը համոզված է՝ ռազմաքաղաքական այս իրավիճակում անհրաժեշտ է նոր լուծումների տարբերակ փնտրել, նաև` այդ տարբերակները պետք է իրականությանը ոչ միայն համապատասխան լինեն, այլ նաև բավարարեն երկու կողմերին` Արցախին և Ադրբեջանին:
Հայաստանի կողմից Արցախի ճանաչման գործընթացի մասին խոսելով` նա նշեց, որ, 1994 թվականի զինադադարի պայմանագրից սկսած, տեսակետ է ունեցել, որ պետք է քաղաքական հարմար պահը օգտագործել ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու համար: «Այդ ժամանակից էլ այդպիսի պահեր եղան: Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված գործողությունները մեզ հերթական անգամ նման հնարավորություն ընձեռեցին, թեև կարող եմ ասել` գուցե հարցն այսօր չէ, որ պետք է քննարկվեր, գուցե այսօր էլ մենք ուշացել ենք: Բայց պետք է ստեղծել քաղաքական այնպիսի մթնոլորտ, որով կարողանանք ազդել թե' Ադրբեջանի և թե' հարցով շահագրգիռ կողմերի վրա: Ակնհայտ է, որ Ադրբեջանը խաչ դրեց բանակցային գործընթացի վրա»,- ասաց Իշխանյանը և հիշեցրեց, որ ՀՅԴ-ն ուներ որդեգրած քաղաքական մարտավարություն, փորձում էր բանակցային գործընթացին զուգընթաց նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել` բացատրելով, մեկնաբանելով, որ այս գործընթացը, զուգահեռ բանակցային գործընթացին, կարող է դրական ազդեցություն ունենալ և հեշտացնել բանակցություններն ավարտին հասցնելը:
«Կարծում եմ, որ այսօր էլ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման գործընթացը կարող է լուրջ խթան լինել հարցի հանգուցալուծման համար»,- ընդգծեց ԼՂՀ ԱԺ դաշնակցական պատգամավորը:
Իշխանյանը նաև նշեց, որ զիջումների կամ փոխզիջումների գործընթացում հողային զիջում հասկացությունը ԼՂՀ պատկերացումներից դուրս է և անհնար: «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հողային զիջում հասկացությունը մեր պատկերացումներից ընդհանրապես դուրս է: Բարեբախտաբար, պիտի ասեմ, որ այդ մտայնությունը ամբողջ Արցախի հասարակություն մեջ է ամրագրված, և, 90-ական թվականներին Արցախի Հանարապետության սահմաններն ամրագրելով, մենք կարողացել ենք նաև մեր ժողովրդի մեջ այդպիսի ընդհանուր հոգեբանություն և մտայնություն արմատավորել»,- վստահեցրեց պատգամավորը:
Մեր այն հարցին, թե ե՞րբ ԼՂՀ-ն բանակցող կողմ կդառնա, Իշխանյանը պատասխանեց. «Այսպիսի հարմար պահ, թերևս, մենք չենք ունեցել 1998 թվականից այս կողմ, երբ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, և այս հարմար առիթը պետք է ուղղակիորեն օգտագործել: Հայաստանի դիվանագիտական կորպուսը հիմա էլ ամեն ջանք պետք է գործադրի Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Հայկական դիվանագիտական կորպուսի գործողությունների մասին էլ ասեմ, որ դրանք համարում եմ համադրված և իրար շարունակող: Բնականաբար, այսպես պետք է լինի և, բնականաբար, համաձայնել-չհամաձայնելու կամ տեսակետներ հայտնելու, բաժանելու-չբաժանելու խնդիրները պետք է քննարկվեն ներքին դաշտում: Ներքին քննարկումների արդյունքում պետք է դերերի բաշխում կատարվի, և յուրաքանչյուր կողմ ստանձնի իր պարտականություններն ու դերը: Երբեմն գոհ չլինելով հայկական արտաքին քաղաքականություն որոշ գործողություններից` այդուհանդերձ, ակնկալում եմ, որ մեր գործողությունները իրար շարունակող և լրացնող կլինեն»:
Ռուսաստանի Դաշնության և, առհասարակ, միջազգային հանրության` ապրիլի սկզբի ռազմական գործողությունների և դրանց հաջորդող ժամանակահատվածի վերաբերյալ մոտեցման և Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին անդրադառնալով` ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ միշտ հակված է եղել ավելի շատ սեփական գործողություններին գնահատական տալ, ըստ նրա` բնականաբար, ՌԴ-ն փորձում է, իր պետական շահերից ելնելով, իր քայլերն ու պետական քաղաքականությունը կերտել:
«Մենք երբեմն այդ քայլերը փորձում ենք որակել որպես դավաճանական, բայց, մյուս կողմից, մեր սեփական քայլերը պետք է ունենանք: Մեր սեփական քայլերն այդքան կոնկրետ ու հստակեցված չեն: ՌԴ-ն հստակ է ներկայացրել իր քայլերի ուղղությունը, մասնավորապես` Ադրբեջանի հետ շարունակել ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում համագործակցությունը: Կարևոր է նաև, որ կարողանանք ճիշտ ձևակերպել և ճիշտ հունի վրա դնել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, դրանք չպետք է բխեն միայն Ռուսաստանի շահերից, այդ հարաբերությունները պետք է բխեն ուղղակի մեր շահերից: Մեր շահերը թելադրում են, որ նման վարքագծի և նման պահվածքի դեպքում մենք երբեմն պետք է օգտվենք նաև համաշխարհային քաղաքականությունից և այլընտրանքային հարաբերություններ ունենանք: Այդպիսի այլընտրանքների հնարավորություններ մենք ունեցել ենք»,- ասաց արցախցի պատգամավորը:
Իշխանյանը վստահեցրեց նաև, որ մենք ունենք բավարար ուժ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու որևէ փորձ կանխելու, կասեցնելու համար: