Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ կա ընդամենը պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին:
Լրագրողներին հետաքրքրում էր` արդյո՞ք կրակը դադարեցնելու և հետագա այլ հարցերում արցախյան կողմն է բանակցելու:
«Հայաստանի օրակարգում միշտ եղել է Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու հարցը»,- ասաց փոխնախարարը՝ չմանրամասնելով:
Նշենք, որ կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ-ների գլխավոր շտաբների պետերի կողմից: «Դա նշանակո՞ւմ է, որ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից» հարցին Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ղարաբաղը բանկցային գործընթացում ներգրավելու հարցը, նորից եմ կրկնում, մեր օրակարգային համար մեկ խնդիրներից մեկն է, եւ այս վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավվածությունն այլընտրանք չունի թե' այն առումով, որպեսզի կանխվեն նմանատիպ ապագա սադրանքները, թե' բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»:
Ինչ վերաբերում է Արցախի հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագրի ստորագրմանը, փոխնախարարը նշեց, որ պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում: Նրա խոսքով՝ պայմանագրի տեքստը պետք է պատրաստվի, համաձայնեցվի, ստորագրվի, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել վավերացման մասին:
Ըստ Շավարշ Քոչարյանի` ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու գործընթաց Հայաստանի կողմից նախաձեռնված չէ, իսկ փոխօգնության պայմանագիրն այն փաստաթուղթն է, որն ընդգծում է, որ Հայաստանի հարաբերությունները ԼՂՀ-ի հետ իրավահավասարության վրա են: