Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-02-02 00:09
Քաղաքական

Բանակցային սեղանին առաջարկների ինչ-որ փաթեթ կա, որի շուրջ են բանակցություններն ընթանում. Դավիթ Իշխանյան

Բանակցային սեղանին առաջարկների ինչ-որ փաթեթ կա, որի շուրջ են բանակցություններն ընթանում. Դավիթ Իշխանյան

Ըստ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր և Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի` ակնհայտ է, որ հունվարի 29-ին և 30-ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը քննարկվել է ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացը:

Նա Tert.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց և ասաց, որ պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա են եղել բանակցությունները. տեղեկատվության պակաս կա:

«Ինքնին հանդիպման տևողությունը, որ կարծես թե, նախադեպը չունեցող էր, հուշում է, որ արտգործնախարարները բավականին լուրջ խնդիրների վրա պետք է կենտրոնացած լինեին»,- ասաց նա:

Դավիթ Իշխանյանը նշեց, որ առիթներ ունեցել է արտահայտելու իր կարծիքն առ այն, որ բանակցային սեղանին առաջարկների ինչ-որ փաթեթ կա, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Հիմա էլ, ըստ նրա, այդ կարծիքին է:

«Չեմ կարող մեկնաբանել, թե ինչու են Հայաստանի իշխանությունները թաքցնում դա: Կարծում եմ` այն տեսակետները և այն թեզը, որ Հայաստանի իշխանությունները ներկայացնում են, պետք է իրենց գործնական քայլերն ունենան,- ասաց նա` նկատելով, որ ժնևյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում գաղտնիության սկզբունքի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հատվածները հուշում են, որ հիմա բանականություններում խնդիրներ կան, իսկ թե ի՞նչ խնդիրներ են, դժվարանում եմ ասել»,- ասաց Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավարը:

Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենք չեն տեսնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայեցակարգը: «Այդ հայեցակարգը միայն հայտարարություններով և պարզապես բանավոր տեսակետներով չի լինում: Այդ առումով դժվար է դառնում մեկնաբանելը: Եթե մենք ունենանք իրենց հստակ համոզումը, մենք էլ դրա վերաբերյալ կունենանք մեր կարծիքը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ Արցախը պետք է վերադարձնեն բանակցային սեղան և այժմ դրա հնարավորությանը՝ ԱՀ նախագահի թեկնածուն նշեց, որ իրենք շատ լավ հասկանում են, որ միայն Հայաստանի ցանկությամբ դա հնարավոր չէ անել:

«Այդ առումով Հայաստանի տվյալ առաջարկը պետք է ավելի խորացվեր և հնարավորինս քայլեր ձեռնարկվեին այն իրականացնելու ուղղությամբ: Այստեղ համակարգված աշխատանք է պետք: Այսօր տեսնում ենք, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն ի պատասխան՝ մյուս կողմն իր քայլերն է ձեռնարկել, այսպես կոչված` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական համայնքի առկայության փաստարկը մեջտեղ բերելով»,- ասաց նա:

Անդրադառնալով ժնևյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունում օգտագործվող «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությանը` Դավիթ Իշխանյանը նշեց, որ ձևակերպման այդպես օգտագործումը բխել է հանդիպման ընթացքում եղած քննարկումներից և քննարկվող սկզբունքներից:

«Հավանաբար, մենք հայտարարության մեջ տեսնում ենք քննարկվող սկզբունքների արտացոլումը: Այդ ձևակերպումը պատահական չի կարող լինել, ինչպես պատահական չի կարող լինել ադրբեջանական մամուլում ի հայտ եկած, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական համայնքի հետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հանդիպման մասին լուրը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ տպավորություն է ստանում ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, արդյո՞ք բավարար թափանցիկ են, ինչպես բազմիցս կրկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Իշխանյանը պատասխանեց.

«Թափանցիկությունը ենթադրում է հաշվետվողականություն. նման որոշ սկզբունքներ երբեմն, արտացոլվում են Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից կամ այլ ձևաչափով: Բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ այդ թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը դեռևս բավարար չէ»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան