կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-17 11:40
Քաղաքական

Բանտը դրա համար ամենահարմար տեղն էր. Արմեն Ռուստամյան

Բանտը դրա համար ամենահարմար տեղն էր. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ափսոսում է, որ շեղվել է գիտությունից: Լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս` երկար տարիներ զբաղվել է գիտական աշխատանքներով, բայց Ղարաբաղյան շարժումն ամբողջությամբ փոխել է այդ ընթացքը, ինչի համար պատգամավորը մի քիչ ափսոսում է:

 

Խոսելով քաղաքական գործիչների բանաստեղծական շնորհի մասին` նա նշեց. «Իմը գիտությունն էր, ոչ թե բանաստեղծությունը: Բայց յուրաքանչյուր ֆիզիկոս հոգում նաև բանաստեղծ է, պարզապես ֆիզիկոսների բանաստեղծությունը մի քիչ ուրիշ ձևի է: Բանաստեղծությունն էլ հայտնագործություն է` հոգևոր աշխարհում»:

 

Ժամանակին նա էլ է գրել բանաստեղծություններ սիրո և հայրենիքի մասին: Վերջին անգամ գրել է բանտարկված տարիներին: Այդ ժամանակ Արաբոյի ջոկատի տղաների պատմությունները և նրանց անցած ճանապարհը այնքան էին ազդել Արմեն Ռուստամյանի վրա, որ նա գրել է բանաստեղծություններ հենց այդ տղաների մասին: «Հոգու խոսք էր, որ ցանկանում էի արտահայտել, և բանտը դրա համար ամենահարմար տեղն էր, որովհետև ոչ ոք չէր խանգարում, որ մարդը խոսեր ինքն իր հետ»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

 

Նրա խոսքով` Աստված ամեն մարդուն մի կոնկրետ շնորհ է տալիս, և երբ մարդը շեղվում է այդ շնորհից, ինչ-որ բան այն չի լինում, և խախտվում է հոգու ու մարմնի ներդաշնակությունը: «Աստվածային շնորհը պետք է վերագտնել, և դա է հնարավոր բազմապատկել: Մնացած ամեն ինչը, որ մարդ կատարում է` ի վնաս այդ շնորհի է կատարում»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

 

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում բանաստեղծություններ` դեռ փոքրուց: Բախտ է ունեցել ծնվելու, մեծանալու Պարույր Սևակի միջավայրում, քանի որ իրենց ընտանիքները շատ մոտ են եղել: Եվ այն ոգին ու ընկալումը, որ բանաստեղծներն ունեն, Արմեն Ռուստամյանի խոսքով, ուրիշ է: «Կարող է` նույն բանը բոլորս նայենք, բայց իրենք նայեն ու տեսնեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նաև նշեց, որ աստվածային շնորհի իրացման լավագույն օրինակը Հովհաննես Թումանյանն է, որի քառյակներն ուղղակի հրաշք են` մի քանի սեղմ տողերում ամփոփված է ոչ միայն գեղեցիկ հանգավորում, այլ նաև խոր իմաստ:

 

Մանրամասները` տեսանյութում: