Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից էր 29-ամյա հետախույզ Ազնաուր Բալայանը: Ապրիլյան մարտերում զոհված հերոսի անունով ցուցատախտակը դրված է հարազատ գյուղի կենտրոնում` Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների մեջտեղում: Ազնաուրը չավարտված պատերազմի խորհրդանիշն է, Արցախյան ազատամարտում զոհված Ռաֆիկ Բալայանի որդին:
«Պատերազմում ես թանկ եմ վճարել, որովհետև ողջ ընտանիքս եմ տվել խաղաղության համար` հայրս , քեռիս, եղբայրս, բոլորը զոհվել են Ղարաբաղի համար` այս հողում»,- ասում է Ազնաուրի զինվորական եղբայրը: 30-ամյա Ռոմա Բալայանը հրամանատար է, նա 90-ականներին կորցրել է հորը, իսկ չավարտված պատերազմում` եղբորը: Ռոման նաև բանաստեղծ է, եղբոր մասին տողերն ինքն է գրել ցուցատախտակին: «Իմ հոգու ցավը Ղարաբաղիս հողում մեռնելն է»,- այս տողերն էլ սեփական տան բակում` ժանգոտ թիթեղի վրա գրել է, երբ դեռ Արցախում «խաղաղություն էր»:
Թաղասերում, Տումայում, Մոխրենեսում, Տողում և Հադրութի մյուս գյուղերում Ազնաուրի սխրանքների մասին հպարտությամբ են խոսում: Նրան բոլորն են ճանաչում` մեծից փոքր:
«Իմ եղբորը ողջ Հադրութում գիտեին, Աստված նրան ֆիզիկական ուժ էր շնորհել, հետախույզի ունակություններ: Շատ հնարավորություններ է ունեցել` Արցախից դուրս գալու, բայց նվիրվեց հետախույզի գործին և մնաց գյուղում»,- պատմում է եղբայրը ու հիշեց Ազնաուրի խոսքերը:- «Նա միշտ ասում էր, որ հակառակորդը չի կարող իրեն ավտոմատով կամ նռնակով սպանել, փամփուշտը նրա համար ոչ մի բան էր, փամփուշտը բազմիցս նրա մարմնի տարբեր մասերով քերել-անցել էր, բայց նրան բան չէր եղել, քանի որ նա հսկա էր, ասում էր` ինձ միայն սնարյադով կարող են խփել, այդպես էլ եղավ…»:
Ռոմայի խոսքով` եղբայրը գիտեր հակառակորդի հարձակման մասին: «Նա միշտ ասում էր, որ մոտ օրերս լինելու է, ասում էր` ճիշտ է, քիչ է տևելու, բայց մեծ կորուստներով է լինելու: Ասածը եղավ …»,- պատմում է նա:
Ապրիլյան մարտերի առաջին օրերին Ազնաուրը, վտանգելով կյանքը, մի քանի կիլոմետր ներթափանցել է հակառակորդի տարածք ու բերել հայ զոհված զինվորների մարմիններ: «Առաջին օրերին վիրավորված տղաներին է տեղափոխել` փրկելով նրանց կյանքը»,-ասում է եղբայրը:
Ազնաուրի մարտական ընկերները պատմում են, որ այդ օրերին նա դիրքերից մեկում հոգնած նստած է եղել, տղերքն ասել են, որ հակառակորդի դիվերսիոն խմբեր են ներթափանցում, այդ պահին միայն նրա անցնելն են տեսել, գնացել` դիրքի անձնակազմի` մոտ 8 հոգու կյանքը փրկել է: Տղերքը պատմում էին, որ եթե նա չլիներ, հակառակորդը ոչնչացնելու էր դիրքը: Ազնաուրի հետախույզ ընկերներից մեկի խոսքով էլ` այդ օրերին նրան մի անծանոթ տարածք են տարել և նա, տեղանքը չճանաչելով հանդերձ, մի քանի կիլոմետր ականապատված տարածքով անցել` մեր վիրավորներին ու զոհված ընկերոջը` Նվերին է բերել: Ի դեպ, նա ու զոհված ընկերը` թաղասերցի Նվերը, նպատակ ունեին աշնանն ամուսնանալ: Ազնաուրի եղբայրը հետո ընկերներից է իմացել, որ եղբայրը սիրած աղջիկ ուներ և աշունն ուզում էր ամուսնանալ:
«Հիմա ցավ եմ ապրում, որ նրա երազանքները կիսատ մնացին, բայց մի տեղ հպարտ եմ, որ էդպիսի եղբայր եմ տվել հայրենիքիս»,-ասում է Ռոման:
Զինվորական եղբայրը Ազնաուրի մասին իր մտքերը հանձնել է ցուցատախտակին: Մոխրոնեսում մառախուղի մեջ երևացող` հերոսի լուսավոր նկարի տակ կարդում եմ Ռոմայի` եղբորը նվիրված տողերը. «Անպարտ հետախույզ Ազնաուրը նորից ամրագրեց լեռան պես ամուր` արցախցու ապրելու իրավունքը»:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ