Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի 5 հազարանոց անձնակազմը շատ քիչ է, որպեսզի երաշխավորի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը, ռուսական զինուժի այդ թվաքանակը շատ քիչ է` իր առջեւ դրված խնդիրները կատարելու համար. այսօր լրագրողներին ասաց Հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովը' անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանին նոր տարածքներ հատկացնելու հարցին, եւ նշեց, որ ռազմակայանը պետք է ընդլայնվի, իսկ այդ դեպքում, բնականաբար, նոր տարածքներ են պետք:
«Չի կարելի ոչ մի փորձ հաշվի չառնել, մանավանդ` երբ խոսքը վերաբերում է դաշնակցին, մասնավորապես` 2008 թվականի օգոստոսյան պատերազմի փորձը: Այն ժամանակ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական գունդը, փաստացի, ինքնապաշտպանության էր անցել, իսկ վրացական զինված ուժերը բնակչության հետ անում էին այն, ինչ ուզում էին: Ու մինչեւ ռուսական հիմնական զորքերը կրիայի պես դանդաղաքայլ մոտեցան, ռուսական գունդը հազիվ ինքնապաշտպանվեց ու չէր կարողանում ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը»,- նշեց Վարդանովը:
Նա մեկ անգամ եւս շեշտեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը պետք է ոչ միայն իրենց պաշտպանեն, ոչ միայն Հայաստանի անվտանգությունը ապահովեն, այլեւ ՀՀ ամբողջ տարածքը, հայ ժողովրդին, ներառյալ` Արցախը, ու նաեւ օգնություն ցուցաբերեն հայկական զինված ուժերին, ուստի անհասկանալի համարեց այն աղմուկը, որը բարձրացել է ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցի կապակցությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկվի' ինչո՞ւ պետք է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներն անկախ լինեն...
«Ճիշտ է, ռազմաբազայի ղեկավարը շատ բարեկիրթ անձնավորություն է, շատ լավ տիրապետում է հայ ժողովրդի պատմությանը, բայց դա չի նշանակում, որ եթե ստանա հակահայկական հրամաններ, չի կատարելու»,- նշեց հետախույզը' հավելելով, որ դրա համար պետք է ռուսական զորամիավորումները գործեն համատեղ ղեկավարության ներքո, իսկ գնդերի հրամանատարների մոտ էլ պետք է լինեն հայ կոմիսարներ, «որ մաուզերը ձեռքին ուշի ուշով հետեւի, որպեսզի ռուս սպաները չկարողանան ինքնագլուխ, կամ հակահայկական գործողություներ իրականացնել»: