Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան այս պատերազմում հայրենի սուրբ հողը պաշտպանելու համար ժողովուրդն ամեն ինչի պատրաստ էր, հայոց քաջորդիները մարտի նետվեցին ընտանիքներով և ազգի շարունակության համար զոհասեղանին դրեցին իրենց ամենաթանկը` զավակներին: Դժվար թե գտնվի հայրենասիրության ավելի վառ օրինակ, քան զավակներով հայրենիքի համար մինչև վերջին շունչը մարտնչելը և հերոսաբար նահատակվելը:
Այսպիսի հերոս հայորդիներից էր մշեցու արմատներով ու դաստիարակությամբ` ապարանցի Մկրտիչ Սարգսյանը, որի որդին` Վազգենը, ժամկետային ծառայություն էր անցնում Հադրութում: Մկրտիչն ուներ երեք զավակ, փայլուն կրթություն ու կենսագրություն. ավարտել էր Ապարանի ֆիզմաթ թեքումով դպրոցը, Հայաստանի Ճարտարագիտական համալսարանը, 1996-1998 թթ. ծառայել էր Հադրութում` որպես սպա` հրետանային ղեկավարման դասակի հրամանատար, զորացրվել էր ավագ լեյտենանտի կոչումով, 2000-2002 թթ. որպես ռազմագիտության ուսուցիչ` իր գիտելիքներն ու փորձը փոխանցել էր դպրոցականներին, 2006-2014 թթ. աշխատել էր Ապարանի էլ.ցանցում` որպես ճարտարագետ, համագործակցում էր Սիրիահայերի միության հետ: Որդին` Վազգենը սովորում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, տարբեր ուժային սպորտաձևերից նվաճել էր մեդալներ:
Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն առնելով` Մկրտիչ Սարգսյանն ընտանիքից գաղտնի «Արծիվ-30 Արարատ» ՌՀՀԿ-ում ցուցակագրվում է` որպես երդվյալ մահապարտ և որդու հետ կողք կողքի լծվում Հադրութի պաշտպանությանը: Հադրութի անկումից հետո երդվյալ մահապարտը որդու հետ անցնում է Շուշիի Ննգի գյուղի պաշտպանության գործին, այնուհետև` Քարին տակ: Հայր ու որդի հերոսները զոհվեցին նոյեմբերի 7-ին` Արցախի մարգարիտ Շուշին թշնամուն չհանձնելու կատաղի մարտերում: Ընտանիքին հասցրել էին «Աստվածաշունչը», որ ընկած էր եղել Մկրտիչի կողքին և «Նարեկը», որ գրպանում էր եղել: Մի քանի շաբաթ անց` որդու ու թոռան լուսավոր հոգիներին միացավ նաև պապը` Սարգիս Սարգսյանը:
Ընտանիքների կորուստներն ու ցավը պետք է սփոփվեն` ազգային ձեռքբերումներով և հզոր Հայաստանի կերտմամբ: Հայոց քաջորդիների սխրանքն անմար է, նրանք իրենց կյանքով ապացուցեցին հայրենիքի` ամեն ինչից վեր ու թանկ լինելը, նրանք կերտեցին հերոսի նոր կերպարներ և պատմության նոր փառավոր էջեր, որոնցով դաստիարակվելու են ապագա սերունդները:
Փա'ռք ու պատի'վ բոլոր հերոսներին:
Լիլիթ Մակարյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ