Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում` հավանություն տալ ՀՀ ԿԲ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությանը:
ԿԲ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվության) վերաբերյալ նշված է, որ 2015 թվականի ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել է առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ընդհանուր առմամբ, իրականացվել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն:
Հարկ է նշել, որ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական դանդաղ աճի տեմպերի և հատկապես Ռուսաստանի Դաշնությունում ավելի խոր տնտեսական անկմանը, ինչպես նաև հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվող գնանկումային միջավայրի բացասական ազդեցությանը հիմնականում հակազդել են կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններով:
Տարվա ընթացքում նախ ՀՀ ԿԲ կողմից ակնկալվում էր գների ընդլայնման միջավայր` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, այնուհետև գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ պայմանավորված` գնաճի նվազող վարքագիծ: Արդյունքում, 2015 թվականի դեկտեմբերին ամսական գնաճը կազմեց` 1.7%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արտահայտվեց 0.1% գնանկում:
Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն իհարկե թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները: Առաջին կիսամյակի վերջում ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.5% մակարդակում և իրականացրել է մակրոպրուդենցիալ մի շարք միջոցառումներ: Հաշվի առնելով տարվա երկրորդ կեսից առկա ցածր գնաճային միջավայրը և արտաքին ու ներքին հատվածից ոչ գնաճային ազդեցությունները` ՀՀ ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` տարեվերջում սահմանելով 8.75%:
Հարկ է նկատել, որ այս միջոցառումների արդյունքում, ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում 2014 թվականի տարեվերջից ստեղծված լարվածությունը հիմնականում չեզոքացվել է, բայց ֆինանսական շուկայում թերևս ակտիվացում չի նկատվել, այլ տեղի է ունեցել վարկավորման ծավալների նվազում: Այսպես, առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ նվազել են` 3.2%, 2014 թվականի 21.7% աճի դիմաց: Իսկ մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով վարկավորման միջին ամսական տոկոսադրույքը տարվա ընթացքում աճի միտում է արձանագրել (մինչև 18.86% օգոստոս ամսին)` չնայած 2015 թվականի դեկտեմբերին նվազել է մինչև 15.96%, 2014 թվականի նույն ամսում արձանագրված 16.21%-ի համեմատ:
Այսինքն` չնայած ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունն ուղղվել է տոկոսադրույքների իջեցմանը, սակայն տոկոսադրույքների փոխանցման արդյունավետությունը ցածր է եղել, ինչը կարող է պայմանավորված լինել մի կողմից դոլարիզացիայի, իսկ մյուս կողմից` պարտադիր պահուստավորման հարաբերականորեն բարձր մակարդակով 2014 թվականի համեմատությամբ:
Միաժամանակ, 2015 թվականի գնաճի հաշվետվության որոշ դրույթների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
«1. Համառոտագիր» բաժնում ներկայացված է հետևյալ դրույթը, որ ցածր ներքին պահանջարկի պարագայում 2015 թվականին արձանագրվել է իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների ներմուծման շուրջ 7.0% նվազում, ինչն ուղեկցվել է ապրանքների և ծառայությունների արտահանման տ/տ 14.0% իրական աճով` հանգեցնելով զուտ իրական արտահանման բարելավման (էջ 5): Այդ ցուցանիշները ներկայացված են նաև «2.Կանխատեսում, դրա փոփոխությունները և ռիսկեր» բաժնի «Ընթացիկ հաշիվ» ենթաբաժնում (էջ 16): Անհրաժեշտ է նշել, որ իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման աճի 2015 թվականի տարեկան ցուցանիշը գերագնահատված է, իսկ ներմուծման դեպքում` թերագնահատված, ինչը վկայում է, որ զուտ արտահանումը բարելավվել է ներմուծման արագ կրճատման հաշվին՝ համաձայն պաշտոնական տվյալների:
«2.2 Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ» բաժնի «Համախառն պահանջարկ» ենթաբաժնում ներկայացված է, որ 2015 թվականի տնտեսական աճը հիմնականում ձևավորվել է զուտ արտահանման նպաստումով, որը պայմանավորված է մրցունակության բարելավման գործընթացի արդյունքում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականության աճի տեմպերի արագացմամբ, ինչն էլ արտահայտվել է 2015 թվականի գյուղատնտեսության, արդյունաբերության և մատուցված ծառայությունների ոլորտների աճով (էջ 14): Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ զուտ արտահանման բարելավումը պայմանավորված է եղել առավելապես ներմուծման նվազմամբ: Ընդ որում` նշենք, որ 2015 թվականի արտահանման իրական աճը պայմանավորվել է ապրանքների արտահանման իրական աճով, ուստի այս պայմաններում ծառայությունների ոլորտի աճով արտահայտված արտահանելի հատվածում արտադրողականության աճի տեմպերի արագացման եզրահանգումը հիմնավոր չէ:
«3. 2015 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի զարգացումները» բաժնի «3.4.1 Ընթացիկ հաշիվ» բաժնում ներկայացված է, որ 2015 թվականի չորրորդ եռամսյակում ներմուծման դոլարային արժեքի նվազումը պայմանավորվել է բոլոր ապրանքախմբերի ներմուծման նվազմամբ (էջ 42): Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ նշված միտումներից բացառություն են կազմել «Սարքեր և ապարատներ» և «Թուղթ և թղթից իրեր» ապրանքախմբերը:
«3.2.1.Համախառն առաջարկ» բաժնում ներկայացված է, որ «Արդյունաբերության ճյուղում 2015 թվականի հունվար-դեկտեմբերին թողարկման ծավալների արձանագրված աճը` տ/տ 5.2%, հիմնականում արդյունք է մետաղական հանքաքարերի արդյունահանման (51.5%), ոսկերչական արտադրատեսակների (61.0%), ծխախոտի (49.1%), դեղագործության (25.1%), քիմիական նյութերի (10.3%) և ջրամատակարարման (10.1%) արտադրության ծավալների աճի (էջ 30): Այդ կապակցությամբ նկատենք, որ 2015 թվականին արդյունաբերության թողարկման ծավալների 5.2% աճին ամենամեծ նպաստումն են ունեցել մետաղական հանքաքարերի արդյունահանման (7.5 տոկոսային կետ), ծխախոտի արտադրության (2.5 տոկոսային կետ) և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճերը (1.2 տոկոսային կետ), իսկ նշված ոսկերչական արտադրության, դեղագործության, քիմիական նյութերի արտադրության և ջրամատակարարման արտադրությունները ավելի փոքր նպաստում են ունեցել արդյունաբերության աճին՝ չնայած արձանագրած բարձր աճերին: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արդյունաբերության աճը բացատրող ենթաճյուղերից է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը:
«3.2.4. Հարկաբյուջետային քաղաքականություն» բաժնում նշված է, որ «2015 թվականի չորրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարումն ընթացել է հարկային եկամուտների թերհավաքագրմամբ` պայմանավորված հարկման բազայի կառուցվածքային փոփոխությամբ (ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել հարկման ոչ ենթակա գյուղատնտեսության ճյուղի աճով) և տարվա նախորդ եռամսյակների համեմատ ավելի մեծ ծավալով ծախսերի կատարմամբ:» (էջ 33): Այս դիտարկման կապակցությամբ, հարկ է նկատել, որ գյուղատնտեսության ճյուղի իրական աճը նպաստել է ՀՆԱ-ի իրական աճին, իսկ անվանական արտահայտությամբ գյուղատնտեսության ավելացված արժեքը նվազել է 2.3%-ով, հետևաբար այն չէր կարող պայմանավորել հարկային եկամուտների թերհավաքագրումը: Հարկ է նկատել, որ ամբողջ տարվա ընթացքում հարկերի պլանավորվածից ցածր հավաքագրման հիմնական պատճառ են հանդիսացել ներմուծումից հարկերը:
Միաժամանակ նշենք, որ 2015 թվականի ցուցանիշները կանխատեսված են գնահատականների հիման վրա, սակայն ՀՀ ԱՎԾ-ի կողմից փաստացի տվյալները արդեն իսկ հրապարակված են, ինչով էլ պայմանավորված, առկա են տվյալների փաստացիից շեղումներ (Գնաճի հաշվետվության պատրաստումը և հրապարակումը եղել է ավելի վաղ, քան որոշ մակրոտնտեսական ցուցանիշներինը):