կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-16 12:16
Առանց Կատեգորիա

ՀՀԿ-ականի հաշվետվությունը

ՀՀԿ-ականի հաշվետվությունը

ՀՀԿ Գործադիր մարմնի` մարտի 15-ին տեղի ունեցած նիստում, որը տևել է մեկ ժամից ավելի, ներքաղաքական հարցերի քննարկումից բացի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Մոսկվա և Բրյուսել կատարած այցերի մանրամասները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Մոսկովյան այցը, որը նախագահական ընտրություններից հետո վերընտրված նախագահի առաջին այցն է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստան, բավականին արդյունավետ է եղել: Երկու երկրների նախագահների հանդիպումը շատ արդյունավետ է եղել, ինչը բխում է դաշնակցային հարաբերություններից»:

 

Վերանանք այն տարօրինակ ձևակերպումից, երբ նույն այցը մի դեպքում բնորոշվում է «բավական» արդյունավետ, հաջորդ վայրկյանին` «շատ» արդյունավետ. շարմազանովյան տրամաբանությամբ դա միշտ հնարավոր է: Մեզ առավել հետաքրքրողն այս ամբողջ տեղեկատվության մեջ ուրիշ բան է: Որքանով որ հանրությունն է տեղյակ, Ս. Սարգսյանի այցը Մոսկվա, ապա նաև Բրյուսել եղել են պաշտոնական ուղևորություններ, համենայն դեպս, գոնե մոսկովյան այցը Բաղրամյան 26-ի կողմից չի ներկայացվել որպես ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանի այցելություն, հետևաբար` միանգամայն տարօրինակ է, չասենք` անհեթեթ, որ ռազմավարական կարևորագույն դաշնակցի մայրաքաղաք կատարած իր այցի «մանրամասները» ՀՀ նախագահը քննարկում է ընդամենը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: Այդ երբվանի՞ց արտաքին հարաբերությունների հանգուցային խնդիրները դարձան ինչ-որ կուսակցության սեփականություն, այդ երբվանի՞ց երկրի նախագահի համար իր գործունեության հաշվետվության հասցեատերը դարձավ ոչ թե հանրությունը, այլ նեղ կուսակցական մի շրջանակ, որը, ինչպես հավաստեցին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ամենևին էլ հանրության աչքի լույսը չէ: Հետևաբար` ինչո՞ւ է Ս. Սարգսյանը հաշվետու դառնում ՀՀԿ վերնախավին, այն դեպքում, երբ նրա փոխարեն և նրանից առաջ պարտավոր էր հաշվետու լինել ամբողջ հասարակությանը:

 

Ի դեպ, այդ հաշվետվությունը նա կարող էր ներկայացնել սեփական պրակտիկայում իսպառ մոռացված մամուլի ասուլիսի միջոցով, իսկ եթե ինչ-որ խանգարող հանգամանք կա էլ` իր մամուլի խոսնակի ասուլիսի միջոցով: Սակայն նախագահը գերադասում է հաշվետու լինել միմիայն հարազատ կուսակցությանը և հանրության հետ հարաբերվել իր կուսակցության մամլո խոսնակի միջոցով` հավանաբար կարծելով, որ ՀՀԿ-ն այնպիսի համաժողովրդական սեր ու վստահություն է վայելում, որ դրանցով արդեն իսկ ներկայացնում է ամբողջ հանրությունը: Դե, իսկ ԳՄ-ում էլ կուսակցության, որը «նույնն» է թե` հանրության զտյալ սերուցքն է: Մինչդեռ, ի գիտություն ՀՀԿ նախագահի, մեզ բոլորովին չի թվում, թե, օրինակ, ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը կամ նույն Էդուարդ Շարմազանովը երկրի նախագահի արտասահմանյան այցի մանրամասների մասին տեղեկացված պիտի լինեն ավելի վաղ և ավելի շատ, քան, դիցուք, տողերս գրողը: Իսկ տողերս գրողի փոխարեն կարելի է պատկերացնել նաև իր նախագահի կուսակցապետական գործունեությունից շարունակ տարակուսած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ