կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 14:30
Քաղաքական

Իրավիճակային փոփոխությունների տանող որոշումներ կկայացվեն. քաղաքագետը «վտանգավոր զարգացումների» է սպասում

Իրավիճակային փոփոխությունների տանող որոշումներ կկայացվեն. քաղաքագետը «վտանգավոր զարգացումների»  է սպասում

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ անորոշ վիճակ է, քանի որ հասկանալի չէ, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ակնհայտ է մի բան` թե' հայկական, թե' ադրբեջանական կողմը փորձում են միջազգային հանրությանը համոզել իրենց դիրքորոշման ճշմարտացիության մեջ, և բոլոր քննարկումներն այդ ուղղությամբ են ընթանում:

Մասնավորապես` Ադրբեջանը փորձում է, ռազմական գործողությունների փաստն օգտագործելով, հրաժարվել 1994-1995թթ.` զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից, և կարելի է ասել, որ դիվանագիտական դաշտում առայժմ միայն այդ հարցն է լուծվել: Ըստ քաղաքագետի` իհարկե, հակամարտող երկու կողմերը նշել են այն պայմանները, որոնց դեպքում կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, սակայն հստակ երևում է, որ քաղաքական լուրջ ճգնաժամ կա, և այս պահին քաղաքական սպասելիքները զրոյական են, ինչը էլ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը սահմանին:

Հարցին, թե արդյո՞ք  սահմանային ներկայիս լարվածությունը կպահպանվի, երբ ամեն օր զոհ և վիրավոր ենք ունենում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` ես ավելի վտանգավոր զարգացումների եմ սպասում: Հասկանալի է, որ նոր բան պետք է տեղի ունենա` իրավիճակային փոփոխության հասնելու համար: Կարծում եմ` հայկական կողմը քայլ ունի անելու, որովհետև Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիայի պլանը տապալվեց: Նշանակում է, որ Ադրբեջանը կրկին ինչ-որ գործողությունների պետք է դիմի: Հայկական կողմը պետք է ստիպի, որ Ադրբեջանը հաջորդ սխալ քայլը կատարի: Այդ ընթացքում, Հայաստանը պետք է նախաձեռնի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց»:

Քաղաքագետի խոսքով` բոլորին պարզ է, որ ընթանում է պատերազմ, միայն հանգուցալուծման հարցն է, որ անորոշություն է առաջացնում հասարակության շրջանում, քանի որ հանգուցալուծման մասին ոչ ոք պատկերացում չունի:

«Հանգուցալուծման մասին պատկերացում չունեն նաև Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի պաշտոնյաները, ինչպես նաև միջնորդ երկրների ղեկավարները: Այո, քաղաքական տեսակետից փակուղում է հայտնվել խնդիրը, և դրանից դուրս գալու համար կողմերից մեկը պետք է հրաժարվի պահանջներից, ինչն անտրամաբանական է և այդպես չի լինի: Կարծում եմ` իրավիճակային փոփոխությունների տանող որոշումներ կկայացվեն: Ադրբեջանի դեպքում դա կարող է լինել պատերազմը վերսկսելը` հույս ունենալով շտկել ապրիլի 2-ի իրենց սխալները: Իսկ Հայաստանի դեպքում դա Արցախի միջազգային ճանաչման գործընթացը պետք է լինի, ինչը կխթանի Ադրբեջանի ռազմական ագրեսիան, բայց այլ տարբերակ չի մնում, քանի որ բանակցությունները տապալված են: Կա'մ պատերազմ կլինի` անորոշ ռեսուրսների սպառման տրամաբանությամբ, ինչին հիմա ականատեսն ենք լինում, կա'մ էլ կսկսվի խնդրի քաղաքական մասի լուծումը` ֆիքսելով առավելություն ռազմական դաշտում: Իրավիճակի փոփոխության այլ տարբերակներ հիմա չկան»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: