կարևոր
6775 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-21 15:23
Քաղաքական

Սոթքում մարդիկ ամեն րոպե վատ լուրերի ու զարգացումների են սպասում. Հակոբ Ավետյան

Սոթքում մարդիկ ամեն րոպե վատ լուրերի ու զարգացումների են սպասում. Հակոբ Ավետյան

Սոթքում այս պահին կրակոցներ չկան, երեկ մի պահ կրակում էին, բայց տուժածներ չունենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Թեև այս պահին հանգիստ է, բայց ամեն դեպքում շատ վտանգավոր իրավիճակում ենք, ամեն րոպե վատ լուրերի ու զարգացումների ենք սպասում։ Մարդիկ մտահոգ են։ Երեկ էլ նոր քարտեզ էին հրապարակել։ Եթե անկեղծ՝ հիմա լուրջ մտավախություններ ունեմ, որովհետև ինչ թշնամին ասում է՝ իրականացնում է, նույնիսկ ամենաանհավանական բանը իրականանում է։ Երեկ էլ Էրդողանն ասաց, որ միջանցքի հարցն օր առաջ պետք է լուծել։ Սա նշանակում է, որ անխուսափելի է»։

Նա նշեց, որ ամեն անգամ երբ կրակոցները շարունակական են լինում՝ գյուղից մեծերին, երեխաներին տարհանում են, հետո էլի հետ բերում։ «Եթե կրակոցներ էլի լինեն՝ էլի դուրս են գալու։ Եթե շարունակվեց՝ էլ հետ չեն գալու, միանշանակ, ոչ մեկ իր երեխաներին վտանգի տակ չի թողնելու»։