Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ուղերձ ունի՝ ուղղված ընդդիմությանը կամ, նրա խոսքով, իրենց ֆորմալ ընդդիմություն կոչող ուժերին: Նա կոչ է անում զերծ մնալ մանր գզվռտոցներից, գործել համերաշխ ու հասնել կոնսենսուսի: Զուրաբյանը հիշեցրեց ԱԺ երեկվա նիստը, երբ ընդդիմությունը զբաղված էր` փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով:
«Դա անընդունելի է, մենք արդեն 70-երորդ անգամ ենք ասում, որ կա իրական ընդդիմության մեկ չափանիշ: Իրական է այն ընդդիմությունը, ով իր քննադատության թիրախ համարում է իշխանությանը, այլ ոչ այլ ընդդիմադիր ուժերի: Դուք երբևէ չեք տեսնի որ մենք զբաղվենք որևէ ընդդիմադիր կամ ձևական ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի քննադատությամբ»,- ասաց նա:
Պատգամավորը հետո հավելեց` ճիշտ է, հիմա իրենք մի քիչ ավելի զուսպ են իշխանություններին քննադատելու հարցում, որովհետև ՀԱԿ-ն այլ կերպ չէր պատկերացնում` պատերազմական վիճակում չէր կարող նախկինի պես անխնա քննադատել իշխանություններին:
«Եթե առաջ կարող էինք անխնա քննադատել իշխանություններին, ապա հիմա դա տեղափոխվել է զուսպ քննադատության ոլորտ: Բայց, միևնույն է, պատերազմական այս իրավիճակով թելադրված զսպված քննադատության թիրախը եղել է և կլինի իշխանությունը»,- ասաց նա:
Զուրաբյանը նշեց. «Եթե կարծում եք բոլշևիկների ու Լենինի նման պետք է հայտարարեինք իշխանությունների պարտության մասին պատերազմական վիճակում, ապա այդ հաճույքը մենք ոչ ոքի չենք նվիրի: Մեր դիրքորոշումը հաճույք կամ տառապանք չէ, այլ քաղաքականություն, երկրի բախտն է դրված նժարին` որպես ամենակարևոր խնդիր: Հայրենիքը վտանգի մեջ է, էդ բառը հասկանո՞ւմ եք, թե՞ չէ: Հումորի ժամանակ էլ չկա»: