Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«SOS Գյումրի» նախաձեռնության ջանքերով արդեն 13 անօթևան ընտանիք է տնակներից տեղափոխվել բնակարաններ: Yerkir.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ առաջիկա օրերին ևս 3 ընտանիք կտեղափոխվի նոր բնակարան, բացի այդ` 7 նոր բնակարան ունեն: Ստացվում է` գյումրեցի 23 անօթևան ընտանիք այսուհետ նոր բնակարաններում կապրի:
«Բնակարաններն, ի դեպ, նորակառույց շենքերում են: Հիմա գույքի տեղափոխման հարցերով ենք զբաղվում, մեծ մասամբ բնակարաններն ամբողջությամբ կահավորված են, նույնիսկ կենցաղային տեխնիկա կա, իսկ մնացած անհրաժեշտ կահույքը մենք ենք գնում /դրամահավաքի միջոցով հավաքված 10 մլն դրամով/: Գյումրիի կահույք արտադրող ընկերություններից մեկի հետ արդեն կա պայմանավորվածություն, որը բավական մատչելի գներով է կահույքը պատրաստում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է աճուրդին, ապա, ըստ Մկրտչյանի, այն ժամանակավորապես դադարեցվել է` ելնելով սահմանին ստեղծված իրավիճակից: Մինչ այդ, սակայն, հասցրել են 2 լոտ վաճառել` 60 հազար և 40 հազար դրամով:
«Լոտերը վաճառվել են օնլայն տարբերակով: Վաճառքը մեր սպասելիքները չարդարացրեց, քանի որ դրանք շատ մատչելի գնով ձեռք բերվեցին: Աճուրդի ֆորմատը կփոխենք, և, ամենայն հավանականությամբ, այն արտերկրում տեղի կունենա, սակայն այդ ամենը սահմանին իրավիճակը խաղաղվելուց հետո միայն»,- ասաց Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ գուցե 5-ով էլ ավելանա բնակարանների թիվը: «Ինչքան երկար գնանք, այնքան` լավ: 7-8 հոգանոց ընտանիքներ ենք տեղափոխում, և ստացվում է` ավելի քան 100 մարդ այդ անմարդկային պայմաններից դուրս է եկել»,- նշեց Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է CorwdFunder բրիտանական կայքում հավաքված 25 հազար ֆունտ ստերլինգ գումարին, ապա այդ գումարը սառեցվել է նվիրաբերողների հաշվեհամարների վրա: «Հայաստանում PayPal համակարգի միջոցով չենք կարող գումար ստանալ, դրա համար էլ փոխանցված գումարներն ուղղակի սառեցվել են: Սակայն կա մեկ այլ համակարգ, որն ավտոմատ կերպով յուրաքանչյուրի էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկում /ով գումար էր փոխանցել/` տեղեկացնելով, որ գումարը փոխանցեն նոր համակարգի վրա: 16 000 եվրո արդեն իսկ փոխանցել են նոր համակարգի վրա, իսկ մնացածները պետք է ուղղակի ստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը»,- հայտնեց նա:
Մկրտչյանը նշեց նաև, որ այս ընթացքում պետք է BBC-ի թղթակիցներն այցելեին Գյումրի և վավերագրական ֆիլմ նկարեին, բայց հիմա նրանք ԼՂՀ-ում են: «Ավելի լավ, թող Արցախում աշխատեն, քանի որ այս պահին սա երկրորդական է` համեմատած նրանց արած աշխատանքի հետ: Թող նրանք Ղարաբաղից լուսաբանեն ճշմարտությունը, արդեն իսկ մեծ բան արած կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը: