Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ն ռեակտիվ արագություն է հաղորդել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին։ Ապրիլի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել է նաև ԼՂ հիմնահարցը։ Ապրիլի 2-ից սկսած՝ Լավրովն ու Քերին արդեն երկրորդ անգամ են շոշափում այս հարցը։ Ապրիլի 19-ին Լավրովը պատրաստվում է ԼՂ հարցը քննարկել նաև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ։
Ռուսաստանի այս նախաձեռնողականության մեջ հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի։ Առաջին՝ Մոսկվան փաստացի իր վրա է վերցրել հակամարտության գոտում հարաբերական հրադադարի պահպանման պատասխանատվությունը։ Դա ստիպում է Մոսկվային նաև գործնական քայլեր կատարել բուն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Հարաբերական խաղաղության «երաշխավորի» դեր ստանձնելը և հատկապես՝ Ադրբեջանին ԵՏՄ և ՀԱՊԿ ներքաշելու հեռահար նպատակները Մոսկվային դրդում են փաստացի միայնակ իրականացնել միջնորդական առաքելությունը՝ երկրորդ պլան մղելով ԵԱՀԿ ՄԽ-ին։
Երկրորդ՝ չնայած այդ հանգամանքին, Վաշինգտոնի և Փարիզի հետ ներկայիս կոնսուլտացիոն դիվանագիտությամբ Մոսկվան հասկանալի է դարձնում, որ չի պատրաստվում գործել ի հեճուկս ՄԽ-ի։ Դա նշանակում է, որ Մոսկվան փորձում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք, համենայն դեպս, չեն հարուցի Արևմուտքի լուրջ դիմադրությունը։ Պատահական չպետք է համարել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ Սերգեյ Լավրովի հանդիպման մասին ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ արվող ձևակերպումը․ «ԼՂ-ում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։
Չի բացառվում, որ Լավրովը ՄԽ մյուս համանախագահող երկրների իր գործընկերների հետ քննարկում է այն նոր առաջարկները, որոնք ներկայացրել է կողմերին քառօրյա պատերազմից հետո, գուցե նաև՝ առաջ, որոնց մասին նա ակնարկեց նաև Բաքու կատարած իր վերջին այցի ժամանակ։ Որ Մոսկվան ինչ-որ նոր գործընթաց, այնուամենայնիվ, նախապատրաստում է, վկայում է այն փաստը, որ Լավրովի՝ Բաքու և ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցելություններից հետո նյարդային սպասողական վիճակ է ստեղծվել, և ակտիվ դիվանագիտական գործընթացներ տեղի չեն ունենում։ Բացի դրանից՝ «Խազար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հասարակական քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե հնարավոր է, որ առաջիկա օրերին բանակցությունների ինտենսիվ փուլ սկսվի։ Հարցն այն է՝ ինչպիսի՞ն է լինելու այդ նոր շրջափուլը, և ի՞նչ խնդիրներ են փորձելու լուծել կողմերը։
Ինքնին այն փաստը, որ գործընթացը տեղափոխվում է դիվանագիտության, բանակցությունների հարթություն, կարևոր է՝ սահմանին հարաբերական կայունությունը վերադարձնելու առումով։ Բանակցությունների այլընտրանքը բացառապես պատերազմն է, քանի որ Ադրբեջանն ապրիլյան իր սադրանքով հասկացրեց, որ բացարձակապես չի համակերպվելու հակամարտության սառեցման փորձերի հետ։ Եվ գործընթացին թափ հաղորդելու, տեղից շարժելու առումով՝ Բաքվի պատերազմական սադրանքը, անշուշտ, արդյունքներ տվեց։ Դրան զուգահեռ, սակայն, Բաքուն, ըստ էության, տապալեց ոչ միայն կարգավորման գործընթացը ՄԽ ձևաչափից հանելու, այլ նաև բանակցություններից դուրս գալու իր քաղաքականությունը և հիմա ստիպված է նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ պատերազմը թե՛ Բաքվին և թե՛ Երևանին հասկանալի դարձրին, որ կողմերը պատրաստ չեն երկարատև հյուծիչ պատերազմի, որը չափազանց ծանր հետևանքներ է ունենում թե՛ ռեսուրսատարության և թե՛ մարդկային մեծ կորուստների առումով։ Թեև այդ պատերազմում հայկական կողմը, զուտ ռազմական առումով, հաղթանակ չտարավ, սակայն նաև Ադրբեջանը չլուծեց բանակցային առավելություն ստանալու խնդիրը։ Չնայած դրան՝ Ադրբեջանը հիմա էլ շարունակում է խախտել կրակի դադարեցման մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հայկական դիրքերի արկակոծման և դիվերսիոն նորանոր հարձակումներ իրականացնելու միջոցով։ Նրա կողմից նոր հարձակման վտանգը, իհարկե, մնում է։ Որովհետև չի բացառվում, որ Բաքուն կարող է մինչև բուն բանակցություններն սկսելը դիրքային առավելություն ստանալու, միաժամանակ պատերազմով կոնֆլիկտին վերջակետ դնելու նախորդ անհաջող փորձից Ալիևի և հենց բանակի դեմքը փրկելու նպատակով նոր արկածախնդրության գնալու որոշում կայացնի։ Բայց Բաքուն չի կարող հաշվի չառնել, որ հայկական կողմը հիմա հարձակմանը դիմակայելու համար շատ ավելի պատրաստված է և նոր սադրանքի դեպքում արդեն կարող է անցնել հակահարձակման, ինչի հետևանքով Ադրբեջանն ինքը տարածքային կորուստներ կունենա։ Այսինքն՝ կրկին պատերազմին կամ դրա իմիտացիային գնալն Ալիևի համար հսկայական ռիսկեր է պարունակում։ Մինչդեռ սահմանը կառավարելի լարվածության տակ պահելու մարտավարությամբ Բաքուն կփորձի հասնել նրան, որ Մոսկվայի հովանու ներքո մեկնարկելիք բանակցությունները, այնուամենայնիվ, ընթանան «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակում։
Հայկական կողմը հիմա ձգտելու է, դա թույլ չտալով, հասնել նրան, որ գոնե բանակցությունների առանցքը լինի «Տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը։ Դա է պատճառը, որ Երևանը շարունակում է պնդել, որ պատրաստ է բանակցել բացառապես, այսպես կոչված, «կազանյան փաստաթղթի» շուրջ՝ փորձելով տապալել ԼՂ կարգավիճակի հարցը լղոզելուն միտված բոլոր նոր նախաձեռնությունները։ Այս նպատակն այսօր արտահայտել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլերի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է․ «Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են և հստակ ձևակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա»։
Այլ կերպ ասած՝ հասկանալով, որ բանակցային նոր շրջափուլը կարող է վճռորոշ լինել ԼՂ կարգավորման գործընթացում բեկում մտցնելու իմաստով՝ Բաքուն և Երևանն իսկական դիվանագիտական-քարոզչական ճակատամարտ են սկսել այդ երկու իրարամերժ մոտեցումները բանակցությունների հիմք դարձնելու շուրջ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Մոսկվան ՄԽ մյուս համանախագահող երկրների հետ քննարկումներից հետո կարգավորման ի՞նչ տարբերակ կամ մադրիդյան սկզբունքների ինչպիսի՞ նոր մոդիֆիկացիա կդնի բանակցությունների սեղանին։
Գևորգ Դարբինյան