կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-12 19:22
Առանց Կատեգորիա

ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու ամենաազդեցիկ ճանապարհը

ԼՂՀ միջազգային ճանաչմանը հասնելու ամենաազդեցիկ ճանապարհը

Դատելով ղարաբաղյան կարճատև արյունալի պատերազմից հետո հայաստանյան դիվանագիտական կորպուսի, մեղմ ասած, պասիվ գործունեությունից` կարելի է երկու ենթադրություն անել։ Կամ հարաբերական կայունության պահպանման և ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում ոչ հրապարակային մակարդակով տեղի են ունենում ինտենսիվ գործընթացներ, որտեղ կենտրոնացվել են հիմնական կամ բոլոր ռեսուրսները, կամ հայկական կողմը դեռևս փորձում է հասկանալ, թե հատկապես ինչպիսի նոր իրավիճակ է ստեղծվել ապրիլի 5-ից հետո, և ինպիսին պետք է լինի ԼՂ հացրում որդեգրվելիք նոր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Մեկ բան, սակայն, ակնհայտ է. այն պահին, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կրակի դադարեցման շուրջ Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ նստեց առանց ԼՂՀ-ի ներկայացուցչի, հայկական կողմը կորցրեց Ստեփանակերտին բանակցային ֆորմատ վերադարձնելու՝ ըստ էության, Բաքվի «նվիրած»  հնարավորությունը։

Հիմա Հայաստանը կանգնած է մեկ այլ վտանգի առաջ՝ աստիճանաբար կարող է կորցնել նաև բանակցություններում այսպես ասած՝ ուժի դիրքերից հանդես գալու, իր բանացկային դիրքերն ուժեղացնելու մեկ այլ հնարավորություն։ Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն, ի սկզբանե ռազմաճակատում ունեցած նախնական հաջողություններից էյֆորիայի մեջ ընկած, փաստացի հաստատեց իր նախահարձակ լինելու, այսինքն 1994թ. հրադադարի պայմանագիրը առաջինը խախտելու իրողությունը։ Այդ մասին ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշխարհում անխտիր բոլոր առաջադեմ լրատվամիջոցները, վերլուծաբանները, սկբնական շփոթությունը հաղթահարելուց և ինֆորմացիոն հոսքերին բավականաչափ ծանոթանալուց հետո սկսեցին միանշանակ պնդել, որ Բաքուն է պատերազմի վերսկսման միակ պատասխանատուն։ Բերվում էր մի չափազանց պարզ և տրամաբանական փաստարկ. հայկական կողմը, որին միանշանակ ձեռտու է ԼՂ հարցում առկա ստատուս քվոն և որն իր քաղաքականությունը փորձում է կառուցել այդ ստատուս քվոն հավերժացնելու ռազմավարության վրա, նախահարձակ լինելու որևէ պատճառ չուներ։ Առավելևս, երբ ակնհայտ է, որ անմտություն է ռազմական ներկայիս հագեցվածությամբ, սպառազինվածության մակարդակով Ադրբեջանին զիջելու պարագայում սանձազերծել ռազմական արկածախնդրություն, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Եվ հակառակը՝ Բաքուն ոչ միայն չի թաքցրել ձևավորված ստատուս քվոյի հետ իր չհամակերպվելու հանգամանքը, այլև թե Հայաստանին և թե միջազգային հանրությանը շարունակ սպառնում էր խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Այս «խաղաթուղթը» Հայաստանի համար ձևավորվել էր ինքնաբերաբար՝ առանց որևէ ջանք գործադրելու։ Ու թվում էր, թե հայաստանյան դիվանագիտությունն այն պետք է դարձներ ԼՂ հարցում ծանրության կշիռը դեպի իր  կողմը թեքելու հիմնական գործիքը, առավելևս, երբ հայկական բանակն իր սքանչելի զինվորների անձնուրացության շնորհիվ վերականգնեց շփման գծի նախկին բնագծերը, վերականգնեց նախկին ստատուս քվոն՝ դիվանագետներին լուրջ գլխացավանքից ազատելով։ Մինչդեռ ոչ տարածաշրջան ժամանած և Բաքվում, Ստեփանակերտում ու Երևանում բանակցություններ անցկացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, ոչ էլ գոնե իրավիճակը կայունացնելու առանձին նախաձեռնություն սկսած Ռուսաստանը, պաշտոնական մակարդակով որևէ ակնարկ անգամ չարեցին այն մասին, թե որ կողմն է կրում շփման գիծը ռազմաճակատի վերածելու, հարյուրավոր զոհերի, և վերջապես պայմանագրային պարտավորությունների խախտման պատասխանատվությունը։ Աշխարհում չկա որևէ այլ հակամարտություն, որտեղ նմանատիպ իրավիճակներում առաջնայինը չի դառնում հենց հրադադարը խախտող կողմին ֆիքսելը, եթե անգամ այդ հարցում շատ հաճախ գնահատականները լինում են խիստ իրարամերժ։ Որովհետև մի կողմից դա միջազգային իրավունքի տեսանկյունից խախտող կողմի համար իրավական հետևանքներ է առաջացնում, իսկ մյուս կողմից պատասխանատու կողմի ամրագրումն է դառնում հետագայում նրա կողմից հրադադարը խախտելու հնարավոր դեպքերը կանխելու միջոցը։

Սա թե բանակցություններում սեփական դիրքերն ամրացնելու և թե ԼՂ-ի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից այնքան սկզբունքային էր, որ Երևանը, թերևս, կարող էր միջազգային հանրության հետ խոսել ընդհուպ վերջնագրերի լեզվով. կամ բանակցությունները շարունակվում են միայն պատերազմի վերսկսման մեջ համանախագահողների կողմից Ադրբեջանին  հասցեական մեղադրելուց հետո, կամ հայկական կողմը հրաժարվում է որևէ տեսակի բանակցություններից։ Միևնույն է՝ առանց Բաքվի պատասխանատվությունն ամրագրելու, չի կարելի խոսել ոչ հրադադարի պահպանման և ոչ էլ արդյունավետ բանակցություններ վարելու մասին։ Այս «զենքն» օգտագործելու պահը կարծես թե, ևս կորսված է։

Եվ հիմա չափազանց մեծ է վտանգը, որ հայկական կողմը կարող է ուղղակի անհետևանք թողնել նաև Ադրբեջանի զինուժի կողմից թե'խաղաղ քաղաքացիական անձանց  և թե' զոհված հայ զինծառայողների դիակների խոշտանգումներ և անարգման գազանային դրսևորումները, որոնք իրավամբ ոչ միայն ռազմական հանցագործության, այլ նաև ռասսիզմի ցցուն դրսևորումներ են։ Իրավաբանները, պատգամավորները ներկայումս հավաքագրում են այդ փաստերը՝ Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում, ԵԽ-ում, միջազգային այլ կազմակերություններում իրավական գործընթացներ սկսելու համար։ Այդ ամենն իհարկե, կարևոր է և անհետաձգելի։ Բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացը Հայաստանում ավելի շատ դիտարկվում է միայն հումանիզմի, մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։ Մինչդեռ խիստ անհրաժեշտ է դրանք ԼՂ-ի՝ Ադրբեջանի հետ անհամատեղելիության ապացուցման դիվանագիտական լրջագույն փաստարկներ դարձնելը։ Այդ բոլոր գազանություններն ի վերջո վկայում են, որ ցանկացած կարգավիճակով ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում թողնելու մասին մտածելն անգամ նշանակում է դնել ղարաբաղցիների ֆիզիկական ոչնչացման հիմքերը։ Աշխարհը այս ամենի հիման վրա պետք է ոչ միայն բնական, այլև անհրաժեշտ համարի օր առաջ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը՝ իբրև ղարաբաղցիների ֆիզիկական գոյության պահպանման, անվտանգության երաշխավորման միակ գրավական։ Այսինքն այդ գազանությունների դեպքերը՝ սկսած սաֆարովյան ոճրագործությունից, վերջացրած Թալիշում ու դիրքերում հայ գյուղացիների ու զինվորների խոշտանգումներով, պետք է դիտարկել ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ճանաչման քաղաքական հիմնական փաստարկ։ Իսկ սա ոչ թե պատգամավորների ու իրավաբանների խնդիրն է, այլ դիվանագետների։ Ներկայիս իրավիճակում սա ԼՂՀ-ի ճանաչմանը հասնելու ավելի ազդեցիկ ու համոզիչ ճանապարհ է, քան բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելու, պատերազմ սանձազերծելու վրա շեշտադրումներ կատարելը։ Անցած 22 տարիները ցույց են տալիս, որ այդ լեզուն միջազգային հանրությունը հասկանալ չի ցանկանում։

Գևորգ Դարբինյան