Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին, ասաց, որ այն մոտեցումները, որոնք մինչ այժմ կոչված էին ապահովելու անվտանգությունը տարածաշրջանում, չաշխատեցին, և ոչ հասցեական գնահատկանները որևէ արդյունք չտվեցին:
«Ակնհայտ է, որ այս պահին դիվանագիտական քննարկումներ են ընթանում ոչ հրապարակային մակարդակում»,- ասաց նա և մատնանշեց Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների ունեցած հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
Քաղաքագետի խոսքով` ամեն մեկը փորձում է իր դերակատարությունը մեծացնել բանակցություններում, ինչն ակնհայտ է հատկապես Ռուսաստանի առումով: Ըստ Մելիք-Շահնազարյանի` ՌԴ-ն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ իր միջնորդությամբ է հրադադար հաստատվել:
Քաղաքագետը նշեց նաև, որ Ռուսաստանը զուգահեռաբար մեղադրանքներ է ուղղում Թուրքիային` նշելով, որ հենց այդ երկրի հրահրմամբ է Ադրեջանը նման քայլի գնացել: «ԱՄՆ-ը փորձում է Մինսկի խմբի ինստիտուտն ակտիվացնել և ռուսական ակտիվությանը հակադրել Մինսկի խմբի ակտիվությունը»,- ասաց նա:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` Ադրբեջանը փորձում է ֆոտոշոփի միջոցով ստանալ այն իրավիճակը, որին ձգտում էին հասնել ապրիլի 1-2-ը: Նրանք չկարողացան ռազմական գործողություններով հարցը լուծել: «Հայաստանը ճիշտ հակառակն է անում` փորձում է քաղաքական դաշտ բերել ռազմական հաղթանակը»,- ասաց նա և ընդգծեց, որ այս ամենը դիվանագիտական լուրջ աշխատանք է պահանջում:
Քաղաքագետը նշեց նաև, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ հանկարծ մոռացության չմատնվի Ադրբեջանի ագրեսիան ու անհաջողությունը, և բանակցությունները չընթանան նախկինի պես: «Պաշտոնական Երևանը դժգոհ է Մոսկվայի դիրքորոշումից: Միջազգային հանրության արձագանքները պայմանավորված են իրենց իսկ շահերով, որոնք միշտ չէ, որ համընկնում են հայկական կողմի շահերին: Ռուսաստանին պարտադրելու ռեսուրս, որ Ադրբեջանին զենք չվաճառի, Հայաստանը չունի»,- ասաց քաղաքագետը և նշեց, որ Ռուսաստանը շատ լուրջ հետաքրքված է Ադրբեջանով` իր ազդեցության գոտի ներքաշելու համար: