Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում:
«Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթությունների հավասարակշռված ազդեցության համար, և այս համատեքստում պարսկական մշակույթի ներկայությունը մեր երկրում նպաստում է կրթության ոլորտում հարևան պետությունների համագործակցության ամրապնդմանը»,- նշել է նախարարը:
Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են: Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիվ զարգացում կա միջբուհական համագործակցության ասպարեզում և հույս հայտնել, որ դա կնպաստի նաև գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ բուհական համակարգում առկա փոխգործակցության շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթությունից մինչև գիտություն: Այս համատեքստում, ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանում պարսկերեն լեզվի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությունը: Հաշվի առնելով արտաքին քաղաքական նոր իրողությունները և Իրանի տարածաշրջանային դերակատարությունը՝ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի գիտական համակարգը կարող է արդյունավետ հարթակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև գիտության մասնավորապես` բնագիտության ոլորտի համագործակցության համար:
Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթության նախարարների փոխայցելություններ:
Հանդիպման ընթացքում անդրադաձ է եղել նաև երկու երկրների միջև պետական ավարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին և մի շարք այլ հարցերի: