կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 12:26
Հասարակություն

Հայ-գերմանական հարաբերություններում չօգտագործված մեծ ներուժ կա

Հայ-գերմանական հարաբերություններում չօգտագործված մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 

Բունդեսթագի նախագահը, ողջունելով իր գործընկերոջը, շնորհավորել է նրան Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Պարոն Լամերթը անհրաժեշտ է համարել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության խորացումը` նշելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր շնորհավորանքն ու բարեմաղթանքներն է հղել Գերմանիայի ազգային գալիք տոնի` Միասնության օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ այսօր հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում, եւ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ:

 

Հովիկ Աբրահամյանը եւ Նորբերտ Լամերթը կարեւորել են Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի համար իրականացվում է 2008 թ.-ից: Այն Հայաստանի երիտասարդների համար Գերմանիայի քաղաքական ու տնտեսական կառուցվածքին մոտիկից հաղորդակից դառնալու լավ հնարավորություն է տալիս:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ պարոն Լամերթը նշել է, որ 2005 թ. Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ հայերի բռնի տեղահանումը դատապարտող բանաձեւ, որում նաեւ նշվել եւ դատապարտվել է Գերմանիայի կառավարության դերակատարությունն այդ հարցում:

 

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը պարոն Լամերթին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է: