Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին: «Սա է այն անկյունաքարային պատճառը, որից բխում են մյուս խնդիրները: Դպրոցական և բուհական համակարգի կուսակցականացվածության խնդիրը խեղաթյուրում է ողջ կրթական գործընթացը:
Դպրոցը և բուհը պետք է դադարեն լինել քաղաքական իշխող ուժի ֆորպոստը: Ես ուժեղ ազդակ եմ տեսնում այն հարցում, որ ապրիլյան քաղաքական գործընթացներին հսկայածավալ մասնակցություն ունեցան դպրոցականներն ու ուսանողները: Եթե վերջիններիս դեպքում այն հասկանալի է, ապա դպրոցականների պարագայում ահազանգ է բոլորիս, որ այդ ոլորտում ունենք հսկայական խնդիրներ: Հարաբերությունների այն մակարդակը, որը ներկայումս տիրում է դպրոցում, պետք է բոլորիս մտահոգի, հետևաբար հրատապ է այդ խնդիրների լուծումը: Կրթական համակարգն այս պահին ունի բավականին մեծ ներուժ՝ մարդկային, մտավոր և պրոֆեսիոնալ, և երբ համակարգը դրվի կրթական տրամաբանության մեջ, բոլոր հարցերը կունենան հնարավորինս արդյունավետ լուծումներ: Դպրոցը և բուհը պետք է խնդիր դնեն ոչ թե դաստիարակել իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքացիներ, այլ ՀՀ քաղաքացի, ով ինքը կորոշի՝ լինել իշխանամետ, ընդդիմադիր, թե ապաքաղաքական: Եվ այս երեք հնարավոր լուծումները պետք է ընդունելի լինեն բոլորի համար: Այս առումով ցանկանում եմ կարևորել բուհերի ինքնավարության խնդիրը. բուհը պետք է չփակի իր դռներն ուսանողի առջև, քանի որ ուսանողությունը երկրի և ժողովրդի էներգիան իր մեջ կենտրոնացնող հատվածն է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանին` վարչապետը հույս է հայտնել, որ վերջինս տարիների ընթացքում կուտակած իր փորձը կփոխանցի նորանշանակ նախարարին, որպեսզի խնդիրները լուծվեն հնարավորինս արդյունավետ:
Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նոր կառավարությանը՝ Լևոն Մկրտչյանն իր հերթին նշել է, որ 21-րդ դարն իսկապես մեծ պահանջներ է դնում կրթության համակարգի առջև: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ ի դեմս երիտասարդության, առկա է հսկայական ներուժ, որը մեծ ցանկություն ունի ապրել և ստեղծագործել 21-րդ դարի Հայաստանում: Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ աշխատակազմին՝ հավաստիացնելով, որ աշխատակիցների մեծ մասն ունի տարիների փորձ, որը լավագույնս կօգտագործվի կրթական խնդիրների լուծման հարցում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, մասնավորապես նշել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Վստահ եմ, որ կրթության ոլորտում կարող եմ լավագույնս դրսևորվել և անել առավելագույնը: Առկա բոլոր խնդիրների լուծման գործընթացում հաշվի կառնվեն բոլորի կողմերի դիրքորոշումները: Նախարարությունը կստանձնի բացառապես անկախ արբիտրի դեր՝ փորձելով գտնել լավագույն լուծումները: Այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում, սակայն հրատապ լուծման կարիք ունի տարկետման հետ կապված խնդիրը, որի հարցով նույն ուսանողության կողմից հնչել են խնդիրը քննարկելու կոչեր և կոնկրետ առաջարկներ: Հրատապ է նաև ընդունելության քննությունների՝ հավուր պատշաճի կազմակերպման հարցը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս ԿԳՆ-ում առկա է բավականին ներուժ և իր կառավարման օրոք բոլոր գիտակ ուժերին կտրվի հնարավորություն՝ այն լավագույնս դրսևորելու համար: