Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում Հայաստանը կվերանայի ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության հարցը, ասաց. «Բնականաբար, մենք չենք կարող ասել, որ մենք հովանավորներ ունենք եւ այդ հովանավորների կարիքը կարծես չենք էլ զգում: Մենք մեր հույսը դնում ենք մեզ վրա: Իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված որոշ երկրների վերաբերմունքը հեղինակազրկում է նաեւ մեր կառույցի`ՀԱՊԿ-ի հեղինակությունը: Դուք տեսաք, այս խնդրի հետ կապված, ՀԱՊԿ մի քանի անդամ երկրների վերաբերմունքը եւ արձագանքները: Բնականաբար, այն սպասելիքները, որ մենք ունեինք, չիրականացվեցին: Այս պայմաններում մենք չենք կարող նրանց հովանավոր անվանել: Նորից հորդորում ենք ՀԱՊԿ անդամ երկրներին, որ եթե կա կառույց, այն միասնական պետք է լինի, հակառակ դեպքում` լուրջ վտանգի տակ է հայտնվում այդ կառույցը եւ նրա հեղինակությունը»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՌԴ վարչապետի այցը, ով, Հայաստանի դաշնակից երկրի վարչապետ լինելով, այդպես էլ հասցեական հայտարարությամբ հանդես չեկավ, պատգամավորը պատասխանեց. «Ինձ այդքան էլ չեն հետաքրքրում հայտարարություները, որքան գործողությունները: Իհարկե, մեզ համար ցանկալի կլիներ, որ այդ հայտարարություններն ու գործողությունները լինեին»:
Հարցին, թե ինչո՞ւ են ուշացած բարձրաձայնում Ռուսաստանի չեզոք դիրքորոշման, նրա կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ պետք չէ այսօր փնտրել թշնամիներ, պետք է փնտրել բարեկամներ, ուստի կարիք չկա շատ սուր քննադատություններ հնչեցնել Ռուսաստանի հասցեին:
«Մենք այսօր ոչ թե հիասթափված ենք, այլ պահանջատեր ենք, արդարություն ենք պահանջում, մենք ճշմարտության կողմից ենք խոսում: Դրա արձագանքները հուսով եմ կլինեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյո՞ք տեսնում է լայնածավալ պատերազմի ծավալման հավանականություն, պատասխանեց. «Մեր թշնամին անկանխատեսելի է, ես որևէ հրադադարի չեմ հավատում, քանի որ միջազգային կառույցների հետ չկան որևէ պայմանավորվածություններ: Բնականաբար, եթե լայնածավալ գործողությունները տևական շարունակվեն, և փարատվեն այն կասկածները, որ Ադրբեջանին հրահրում է Թուրքիան, ապա կարող են սկսվել լայնածավալ պատերազմական գործողություններ` ոչ միայն Ադրբեջանի մասնակցությամբ: Դա ցանկալի չէ մեզ համար, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան»: