կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 13:08
Հասարակություն

Նման իրավիճակ եղել է միայն պատերազմական տարիներին. գինեգործների միության նախագահն ապշած է

Նման իրավիճակ եղել է միայն պատերազմական տարիներին. գինեգործների միության նախագահն ապշած է

Պետք չէ խուճապի մատնվել` խաղողն ամբողջությամբ կմթերվի, մնում է միայն հասկանալ` երբ կտրամադրեն մթերված խաղողի դիմաց գումարն` ամբողջությամբ. այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նոր կյանք, Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի բնակիչները փակել են Արարատ-Երեւան մայրուղին. գյուղացիները պահանջում են մթերել դաշտում փչացող խաղողը:

Ըստ Հարությունյանի` տարին գինեգործների և կոնյակագործների համար տարբերվում է մյուսներից, քանի որ ռուբլու արժեզրկումը այս երկու ոլորտի վրա մեծ ազդեցություն է թողել:

Ի դեպ, Հարությունյանն իր պրակտիկայում նման իրավիճակի չի հանդիպել, նման դեպք է եղել միայն պատերազմական տարիներին: Նա հավաստիացնում է, որ այս պահին գործարաններն էլ են ճգնաժամի մեջ, սակայն ամբողջ խաղողը կվերցնեն: «Չեմ կարծում, որ, բացառությամբ մեկ-երկու գործարանի, հունվարից շուտ կկարողանան վճարել գյուղացիներին դրա դիմաց: Գյուղացին պետք է ստիպված հանձնի այդ խաղողը, գործարանն էլ` ստիպված վերցնի: Բայց եթե այսպես շարունակվի, քանի գնա` վատանալու է իրավիճակը»,- կարծիք հայտնեց Հարությունյանը:

Ստեղծված իրավիճակի լուծումը, ըստ մասնագետի, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից, այլ նաև այն տնտեսաքաղաքական վիճակից, որում գտնվում ենք. այստեղ մեծ է նաև ՌԴ-ի դերը: «Ռուբլու արժեզրկումը հանգեցնում է լուրջ հետևանքների, և այդ «արդյունքները» մենք դեռ գարնանը կտեսնենք: Կարծում եմ` այս պարագայում վճռորոշը պետության խոսքը պետք է լինի, քանի որ ոչ ստանդարտ իրավիճակի մեջ ենք հայտնվել` գործարանները չեն կարողանում դուրս գալ ռուսական շուկայից, որովհետև կկորցնեն այդ շուկան, իսկ ի՞նչ է անում ռուսական շուկան` ավելացնում է իր խաղողի արտադրանքը: 2020-ին ՌԴ-ում մեկ շիշ գինին 50 ռուբլի կարժենա, այսինքն` Ռուսաստանը կորցնում է գրավչությունը մատչելիության ոլորտում, և 10 տարի հետո Հայաստանը ռուսական շուկայի ներքին շերտերում ուղղակի տեղ չի ունենա: Իսկ մեր շուկան 90 տոկոսով Ռուսաստանն ու ԱՊՀ երկրներն են»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` այս դեպքում  պետությունը կարող է օգնել գործարաններին` կոնյակի սպիրտն ընդունելով որպես գրավ, քանի որ մթերված խաղողի 95 տոկոսից կոնյակի սպիրտ է արտադրվում: Իսկ թե ինչո՞ւ կառավարությունը նման քայլի չի դիմում, ըստ Հարությունյանի` հավանաբար, ռեսուրսներ չունենք:

Հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս է գյուղացին գարնանացան կատարելու, Հարությունյանը դժվարացավ պատասխանել: