Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն օրերս առաջարկեց իրեն վստահել բանակցողի դերը` խոստանալով, որ նույնիսկ ներկա իրավիճակում որոշակի հայանպաստ արդյունքի հասնելու հնարավորություն կա՝ պայմանով, որ Փաշինյանը 3 ամիս լռի եւ մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություն տա: Չնայած առաջարկից հետո իշխանությունը հրահանգավորված արշավ սկսեց նախկին նախարարի դեմ, սակայն մի քանի օր անց Օսկանյանը կրկնեց իր առաջարկը` մանրամասնելով այն։ Նախկին արտգործնախարարն առաջարկում է փոխել բանակցային փիլիսոփայությունը. «Ոչ թե որ մենք ամեն գնով պետք է հասնենք ինչ-որ խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ ընդամենը այս փուլում մենք պետք է փորձենք Ադրբեջանի հետ որոնել այն հնարավոր ճանապարհները եւ միջոցները, որը հնարավորություն կտա երկու ժողովուրդներին՝ հասնել արդար եւ կայուն խաղաղության»։ Օսկանյանի հաջորդ առաջարկը բանակցային օրակարգն ընդլայնելն է։ Ըստ նախկին նախարարի՝ ներկա օրակարգում հայկական պահանջ չկա, պետք է ներառել այն հանգամանքը, որ Ղարաբաղը խորհրդային տարիներին ինքնավար մարզ է եղել. «Եթե նա համարձակվում է անկլավների հարց դնել, բայց այդ նույն քարտեզները, որ այդ անկլավները ցույց են տալիս, ցույց են տալիս նաեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Եվ այստեղ ուղղակի հակափաստարկ չկա»։
Մինչեւ 1988-ը Արցախի՝ ինքնավար մարզ լինելը բանակցություններում ամրագրելը հնարավորություն կտա ավելի հայանպաստ լուծում գտնել․ այս միտքն Օսկանյանն ավելի մանրամասն բացատրել է օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։ Նրա խոսքով՝ մի շարք միջազգային փաստաթղթերում ամրագրված է, որ տարածքային ամբողջականությունը հարգվում է, բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ որեւէ պետություն չի հարգում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը. «Չեն հարգում կամ մերժում, ժխտում են իրենց տարածքում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը։ Եթե այդ իրավունքը չի հարգվում, ապա այդ ժողովուրդներն իրավունք ունեն արդեն արտաքին ինքնորոշման։ Այս հարթությունում ինքնորոշման իրավունքն ունի իր հստակ ձեւակերպումը եւ դրսեւորումը։ Նախադեպերի հարթությունում կա 3 կարեւոր դատարանների որոշում, որոնք ամրագրում են այս սկզբունքը»։
Օսկանյանին հասկանալի չէ, թե ինչու այս գործիքը բանակցություններում չի կիրառվում։ Դրա փոխարեն, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները շտապել են հայտարարել, թե Արցախն Ադրբեջան է։ Դիվանագիտական շրջանակներից մեզ պատմեցին, որ վերջին տարիներին Վարդան Օսկանյանը ոչ միայն պարբերաբար խոսում է եւ մատնացույց անում իշխանությունների սխալները, այլեւ գործնական քայլեր է անում։ Օրինակ, հանդիպումներ է ունեցել միջազգային իրավաբանական հեղինակավոր կազմակերպությունների հետ, ներկայացրել է Արցախի խնդրի էությունը, տրամադրել փաստաթղթեր եւ խորհրդատվություն խնդրել։ Այդ կազմակերպություններն ուսումնասիրել են փաստաթղթային հենքը եւ հավաստիացրել, որ եղած բազայի վրա միանգամայն իրատեսական է ԼՂԻՄ տարածքում Արցախի ինքնավարությանը հասնելը։ Եթե Արցախի ամբողջական ինքնորոշման հասնելու հարցում դեռ ճանապարհ կա անցնելու եւ ժամանակի խնդիր է, ապա Արցախի Հանրապետության ինքնավարությանը՝ 1988 թվականի լիազորություններով, հասնելը բավականին դյուրին կլինի։
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ արձագանքեց Օսկանյանին՝ նշելով, թե առաջարկը «շատ անլուրջ» է, իսկ Օսկանյանը 10 տարի հակամարտությունը կարգավորելու հնարավորություն է ունեցել, բայց չի լուծել։ Բայց չեն էլ տանուլ տվել, ինչպես իրենք:
«Արցախի հարցում շատուշատ բաներ կարելի է անել, այն, ինչ արվում է այսօր իշխանությունների կողմից, միտումնավոր անգրագիտություն է, ավելին չեմ ուզում ասել»,- Օսկանյանի առաջարկին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, սակայն, իրատեսական չի համարում Օսկանյանի առաջարկը. «Երբ խոսվում է ԼՂԻՄ-ի մասին, նախեւառաջ պետք է պատասխանել՝ ինքնավարություն՝ ո՞ւմ կազմում»: Եվ ընդգծում է, որ որեւէ միջազգային մեխանիզմ, փաստաթուղթ չի կարող դա երաշխավորել․ «Հիմա ժողովրդավարության շղարշները հանվել են, ամեն ինչ մերկ է, նույն Հաագայի դատարանը որոշում չընդունեց, որ պետք է բացվեր միջանցքը, կամ չարաբաստիկ հայտարարությամբ որտե՞ղ է ֆիքսված, որ այն պետք է փակվեր, ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը»։
88-ի եւ այսօրվա իրավիճակները, Բաբայանի խոսքով, արմատապես տարբեր են։ «Նախեւառաջ, ԼՂԻՄ-ը մինչեւ 88-ը մի իրավիճակ էր, 88-91-ին այլ իրավիճակ էր, 91-ից մինչեւ 2018-20 թթ․՝ բոլորովին այլ։ 88-ը վաղուց անցել է, այդ պայմաններում ԼՂԻՄ-ը հարց բարձրացրեց՝ վերամիավորվելու Հայաստանի հետ։ Սա եղել է անհրաժեշտություն այն ժամանակ, որովհետեւ բարդ իրավիճակ էր առաջացել նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ, երբ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն չուներ ԼՂԻՄ-ի վրա, մենք ընդհանուր խորհրդային պետության կազմում էինք, Ադրբեջանն իրավունք չուներ մեր ինքնավարությունը չեզոքացնել, իրավունք չուներ վերացնել այն, բայց «տակից» իր գործն անում էր։ Ուստի 88-ին վերամիավորման հարցը բարձրացրինք, Գորբաչովը 85-ին այդ ռումբը դրեց ԽՍՀՄ-ի տակ եւ քանդեց, հիմա տարբեր ձեւով կարելի է մտածել՝ հատո՞ւկ է արել, թե՞ ոչ, բայց գորբաչովիզմն ամենասարսափելի երեւույթներից մեկն է, որի միջով որեւէ ազգ կարող է անցնել։ ԼՂԻՄ-ը գոյատեւեց մինչեւ 1991 թվականը, բայց արդեն գրեթե դե ֆակտո անկախ վիճակում՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Ավելին, միակ վարչատարածքային ինքնավար կազմակերպությունն էր խորհրդային տարիների ընթացքում, որը դուրս բերվեց Ադրբեջանի խորհրդային միությունից եւ ենթարկվեց կենտրոնին՝ Մոսկվային, հետո լրիվ իրավիճակը փոխվեց եւ այլն։ Հիմա, երբ գոյություն ունի անկախ Ադրբեջան՝ պետական հայատյաց գաղափարախոսությամբ, մենք ո՞նց ենք սրա տակից դուրս գալու, մենք Խորհրդային Միության կազմում չենք, որ ինչ-որ մեկն Ադրբեջանի գլխին տա, թույլ չտա դեմ գնալ պետության քաղաքականությանը, որովհետեւ ինտերնացիոնալիզմը եղել է պետական քաղաքականություն այն ժամանակ: Այս իրավիճակում ի՞նչ ինքնավարություն` անկախ Ադրբեջանի կազմում չկա ապագա կամ էլ կա մեկը՝ ժողովրդի հայաթափում։ Մի՞թե մենք պատկերացնում ենք, որ Հադրութը հետ պիտի տան, ինչի՞ համար, ինչի՞ դիմաց»,- ասում է Բաբայանը։ Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում Արցախի ապագայի հետեւյալ տարբերակները կան․ «Եթե մենք ճանաչում ենք մեզ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, «հայ ժողովուրդ» հասկացությունը վերաֆորմատավորվելու է, չի լինելու «հայ ժողովուրդ» հասկացությունը, սփյուռքը մի կողմից է օտարվելու հայրենիքից եւ ճիշտ է անելու, արցախցիները` ով ողջ մնա, չգիտեմ ինչ է լինելու։ Մենք չպետք է այս տարբերակն ընդունենք, որովհետեւ սա կնշանակի հանձնվել, որ բռնաբարեն, հետո սպանեն, կա՛մ պետք է պայքարենք, զոհվենք, կա՛մ էլ դուրս գանք։ Ով մեղավոր է մեր այս ճակատագրում, Աստված թող պատժի մինչեւ յոթը պորտը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում