կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 10:55
Սպորտ

Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը այլեւս չեն հրավիրվելու հավաքական. Ռուբեն Հայրապետյան

 Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը այլեւս չեն հրավիրվելու հավաքական. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ+»-ին տված հարցազրույցում խոսել է Յուրա Մովսիսյանի, Ռոբերտ Արզումանյանի, Գևորգ Կասպարովի եւ Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելու մասին:

«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան:

Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակ»-ից նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե` ոչ:

Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական»,- ասել է նա:

ՀՖՖ նախագահը  նաև խոսել է պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելու մասին: «Գևորգ Ղազարյանը չի մտնում այդ ֆուտբոլիստների մեջ, որոնք չեն հրավիրվելու: Նրան պետք է տարանջատել նշված 3-ից: Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում, այլ նոր գլխավոր մարզչի որոշմամբ»,- ասել է նա: