Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն ամենևին ցանկություն չունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ ցուցակով: «Ո՞վ ասաց, որ ես նման ցանկություն ունեմ»,- արձագանքեց նա Yerkir.am-ի այն հարցադրմանը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կրկին ՀԱԿ-ի ցուցակո՞վ է մասնակցելու, այն դեպքում, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, քարտուղարի և իր հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:
Սարգսյանին հարցրեցինք, թե հնարավո՞ր է իր քաղաքական հանգրվանը գտնի ԲՀԿ-ում, կամ հայտնի՞ է, թե որ կուսակցության ցուցակով է առաջիկա խորհրդարան մտնելու: «Իզուր եք ֆիքսվել ԲՀԿ-ի վրա: Ես որևէ բան չեմ բացառում, բանակցություններ են գնում, քննարկումներ են գնում»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ չի մտածում, թե ինքը պետք է ներառվի ինչ-որ կուսակցության ցուցակում։ «Խոսքը վերաբերում է քաղաքական դաշինքներին, եթե այդ հնարավորությունը լինի, որ վերակազմյալ ՍԴՀԿ-ն մասնակցի ընտրություններին, մեզ համար առաջնային նպատակը հենց դա կլինի: Ինչ վերաբերում է ՀԱԿ-Լյուդմիլա Սարգսյան հակամարտությանը, չկա որևէ հակամարտություն, չկան ոչ մի հարաբերություններ: Ես շարունակում եմ նույն կերպ հարգել ու ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ ՀԱԿ բոլոր անդամներին նույն կերպ վերաբերվել։ Սրված հարաբերություններ լինում են, երբ լինում են հարաբերություններ։ Իսկ երբ չկան հարաբերություններ, չի լինում նաև լարվածություն»,- ասաց Սարգսյանը:
Նա հավելեց, որ Լևոն Զուրաբյանը երբեք իր համար հեղինակություն չի եղել, որ ինքը ստիպված ինչ-որ հարաբերություններ հստակեցնի կամ մեղմի լարվածությունը։ «Մեզանից ոչ մեկը դատապարտված չէ մշտապես նույն քաղաքական ուժի հետ հեռանկարներ նախանշելու, հատկապես` երբ ներսում բազմաթիվ անարդարություններ են եղել այս կամ այն ուժի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։
Սարգսյանը նշեց նաև, որ հարգանքով է լցված թիմի շատ անդամների նկատմամբ, բայց ունի ապագայի իր տեսլականը, հետևաբար, այն քաղաքական ուժերի հետ կաշխատի, որոնց հետ համագործակցությունը կլինի գաղափարական ու նպատակային:
Խոսելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին` նա ասաց, որ համակրանք ունի նրա նկատմամբ, լավ են հասկանում միմյանց։ «Նա էլ թշնամիներ ունի, ես էլ, և ես ասեմ, որ սիրում եմ թշնամիներ ունենալ, դա ուժ է տալիս ինձ»,- եզրափակեց Սարգսյանը: