կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 14:30
Քաղաքական

«Ոչ»-ի Գյուլչատայ» Լևոն Զուրաբյանն անվճար գովազդում է Աշոտյանի հաղորդումը

«Ոչ»-ի Գյուլչատայ» Լևոն Զուրաբյանն անվճար գովազդում է Աշոտյանի հաղորդումը

Այսօր կառավարության անդամները ԱԺ-ում էին, քանի որ ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է 2016թ. բյուջեի նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, վարման կարգով ելույթ ունենալով, մեղադրանք էր հնչեցրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հասցեին` ասելով, որ Աշոտյանը, լինելով նախարար ու ՀՀԿ փոխնախագահ, բանավիճային հեռուստահաղորդում է վարում սահմանադրական հանրաքվեի մասին:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը պատասխանեց Լևոն Զուրաբյանին` նշելով, որ իրեն ուրախացնում է այն, որ իր համեստ գործունեությունը` քաղաքական առումով, ՀԱԿ-ը բարձր է գնահատում: Բայց նա խորհուրդ տվեց չկենտրոնանալ միայն իր վրա՝ նշելով, որ ՀՀԿ-ն ունի հինգ փոխնախագահ:

«Եթե ՀԱԿ-ն իր բոլոր քարոզչական ներուժով այս էլ որերորդ օրն է` դեմ է դուրս գալիս այս հինգից մեկին, բա էն չորսով ո՞վ է զբաղվելու: Ուստի կարծում եմ` տակտիկական առումով, քաղաքական հաշվարկը սխալ է»,- նշեց ԿԳ նախարարը:

Նա ասաց, որ այսօր կան «ոչ»-ի տարբեր կենտրոններ, և ՀԱԿ գործիչն այսօր, իշխանության ամենատեսանելի ներկայացուցիչներից մեկին քննադատելով և անհիմն մեղադրելով, խնդիր է դրել ստանալ համապատասխան պատասխան և դառնալ «ոչ»-ի Գյուլչատայը:

«Այս ամենի մեջ ամենադրական ու պայծառ բանն այն է, որ ՀԱԿ-ը շարունակում է անվճար գովազդել իմ կողմից վարվող հաղորդումը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց Աշոտյանը:

Այլ հարցերի նա չպատասխանեց: