Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:
– Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ են ընդունել ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ընդդիմության և քաղհասարակության հետ Ընտրական նոր օրենսգիրքը «4+4+4» ձևաչափով բանակցելու և քննարկելու առաջարկը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմիանա՞ այդ քննարկումներին, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ ամենից:
– Մենք այդ հարցը մեզ մոտ՝ վարչությունում, չենք քննարկել, բայց անձամբ ես որևիցե հույս կամ սպասելիք չունեմ ու որևիցե պարագայում չեմ կիսում այն միտքը, որ «ռեժիմը խուճապի մեջ է», ու, երբ հավաքվեցին այդ չորս կուսակցությունները, ռեժիմը կխառնվի իրար: Իմ կարծիքով՝ սրանք ընդամենը քաղաքական խաղեր են, այն ամենը, ինչ անցնելու է՝ անցնելու է, իսկ ինչ չի անցնելու՝ չի անցնելու: Նայեք՝ երկու շատ կարևոր սկզբունքային դրույթ կա. առաջինը՝ այդ 50 տոկոս ռեյտինգայինն է, մեկ էլ՝ ցուցակների հրապարակումը, այդ երկու հարցում մենք գիտենք, որ իշխանությունները սկզբունքային են ու զիջումների չեն գնա: Մյուս հարցերը բերվում են օրակարգ, որ իբր իշխանությունները զիջումների գնացին, ցույց են տալիս, որ եկան կոնսենսուսի, եկան ազգային համաձայնության, ԸՕ-ն համաձայնեցվել է բոլոր կուսակցությունների հետ: Իսկ հակառակ կողմի համար դա աշխատանքի իմիտացիա է, որովհետև չգիտեմ՝ որ ուժերն են համաձայնել, բայց ՀԱԿ-ի պարագայում դա աշխատանքի իմիտացիա է:
– Ի՞նչ նկատի ունեք ՝ «աշխատանքի իմիտացիա» ասելով, ի՞նչ են ուզում ցույց տալ հասարակությանը:
– Որ իրենք ազդեցություն ունեն քաղաքական դաշտում, որ դերակատարում ունեն, բայց ինձ համար՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որը տարիներ առաջ եղել է հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքներին և պայքարել է, ինձ համար այդ քաղաքական ուժն այլևս գոյություն չունի: Ես վստահ եմ, որ մեր հանրությունը խորը հիասթափություն է ապրել այդ պարտությունների շարանից, որին տարել է ՀԱԿ-ը: Այսինքն՝ ես նույնիսկ ինչ-որ տեղ միտում եմ տեսնում այդ պարտությունների մեջ, երբ նայում ես 2008 թվականից հետո նրանց անցած ճանապարհը: Հիմա էլ մի այլ կարգի պայքար է գնում նույն գործընթացի ժամանակ քաղբանտարկյալ հանդիսացող Սասուն Միքայելյանի ընտրությունների դեպքում. ամեն ինչ անում են, որ տեղերը չհատկացնեն Սասուն Միքայելյանին: Դրանով պարզ է, որ սատարում են ՀՀԿ-ի թեկնածուին: Ես անձամբ դրա մեջ միտում եմ տեսնում:
– Այսինքն՝ ՀԱԿ-ն ուզում է ամբողջ ընդդիմադիր դաշտը գրավե՞լ:
– Գրավելն ու ոչնչացնելը տարբեր բաներ են, նրանք ուզում են ոչնչացնել: Մարտավարությունը հետևյալն է, որ պետք է ոչնչացվի ամեն ինչ՝ բացի մի մարդուց: