Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների արդյունքներին:
Ի պատասխան դիտարկմանը, որ այդ լսումներից հետո ընդդիմությունը հայտարարում է, թե իրենց մտահոգությունները չեն փարատվել, Վահրամ Բաղդասարյանը խնդրեց մանրամասնել, թե ո՞ր ուժին նկատի ունեն լրագրողները` ասելով՝ ընդդիմություն: «Դուք ասում եք՝ ՀԱԿ, բայց ՀԱԿ-ը լայն հասկացողություն է: Տեսեք` ինչ էր ասում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ինչ էր ասում Հրանտ Բագրատյանը: Նրանք տարբեր բաներ են ասում: Եվ կան ՀԱԿ պատգամավորներ, որոնք չեն ուզում ոչինչ տեսնել, որոնք գիտեն արդեն իրենց ապագա ճակատագիրը և շարունակում են ժողովրդի մեջ սերմանել վրեժխնդրություն ու թշնամանք: Այլ խնդիր է, եթե նրանք նկատեն դրականը, ասեն, որ այս մի բանը դրական է, 10-ը բացասական: Դրականը չնկատող մարդու հետ անիմաստ եմ համարում որևէ աշխատանք տանել»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդդմության հնչեցրած մտահոգությունների լուծումները իշխանություններն ապահովում են:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` ընդդիմության քննադատության շարժառիթն այլ է. նրանք ցանկանում են դրանով մարդկային ռեսուրս հավաքել հաջորդ ընտրությունների համար: Թեև Վահրամ Բաղդասարյանը խիստ կասկածում է, որ ՀԱԿ-ը կհայտնվի հաջորդ խորհրդարանում:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ ի սկզբանե ընդդիմությանը չվստահվեց Ընտրական օրենսգրքի մշակումը, նա պատասխանեց, որ ի սկզբանե հենց ընդդիմությանն էլ դա առաջարկվել է, սակայն ընդդիմությունը մերժել է: Վահրամ Բաղդասարյանը մանրամասնեց՝ նախորդ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել էր, որ ընդդիմությունը ստեղծի խումբ, որը զբաղվի սահմանադրական փոփոխությունների և Ընտրական օրենսգրքի մշակմամբ: «Ինչպիսի նախագիծ էլ բերվեր, անգամ` իդեալական, միևնույն է՝ նրանք մի բան կգտնեին` դժգոհելու: Եվ վերջապես ինչո՞ւ ընդդիմությունը ԸՕ-ի այլընտրանքային նախագիծ չի մշակում ու դնում շրջանառության մեջ: Եթե դա չեն անում, ուրեմն թող ավելորդ շոուներ չանեն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: