կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-18 15:22
Քաղաքական

Թանաքոտե՞լ մատները, թե՞ ոչ. քննարկում` ԱԺ-ում

Թանաքոտե՞լ մատները, թե՞ ոչ. քննարկում` ԱԺ-ում

ԱԺ-ում լսումներ են կազմակերպվել ԸՕ նախագիծը քաղաքական խմբակցությունների հետ քննարկելու նպատակով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, թե ի՞նչ երաշխք կա, որ ընտրելուց հետո տրված կտրոնները կրկնակի շրջանառության մեջ չեն դրվի: Նա բարձրացրեց նաև էլեկտրոնային քվեարկության ժամանակ տվյալների բազայի միասնականության հարցը: «Կարո՞ղ են վստահված անձինք և դիտորդները պատճենահանել մատյաններից»,- հարցրեց Փաշինյանը: Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե ինչո՞ւ ԸՕ նախագծում տեղ չի գտել մատների թանաքոտման առաջարկը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ բացասաբար է վերաբերվում ցուցակի էջերի պատճենահանմանը` ասելով, որ թյուր է կարծիքն այն մասին, թե երկու ժամում չեն կարող քաղվածք անել մատյաններից:

Մատների թանաքոտման հետ կապված` նա ասաց. «Մատների թանաքոտումը, որպես երևույթ, կիրառվել է այն երկրներում, որտեղ անձը հաստատող միասնական փաստաթուղթ չի եղել, բայց եթե կա տվյալների միասնական բազա, ուրեմն կարող ենք խուսափել մատների թանաքոտումից: Այն, որպես մեթոդ, ինքնին լուծում չէ և ունի թերի կողմեր: Ընտրողներ կան, որ կտրուկ դեմ են ու ասում են` «մատներս չթանաքոտեք»: Վերահսկողը հանձնաժողովի անդամը պետք է լինի, եթե չի կարողանում ապացուցել, որ տվյալ ցուցակում այդ անձը չկա, մատների թանաքոտումը չի փրկի»: Դավիթ Հարությունյանը մեջբերեց բոլոր այն թերությունները, որոնք ունի մատների թանաքոտման մեխանիզմը:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային քվեարկության ժամանակ տվյալների միասնական բազային, նա նշեց, որ քվեարկության ավարտից հետո բոլոր սարքերն ուղարկվում են վերադաս հանձնաժողովներին, համակարգչային ծրագրով ստուգվում են ցուցակները:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ իրեն զարմացնում է Դավիթ Հարությունյանի փաստարկը, թե որևէ ընտրողի կարող է դուր չգալ, որ իր մատները թանաքոտեն: «Էդպես որ նայենք` մարդ կա, որ ասում է ինձ դուր չի գալիս, որ ինձանից հարկեր են վերցնում, ի՞նչ, դրանից հետո հարկեր չե՞ք վերցնում: Կամ` ինչ-որ մեկը կարող է ասել. «Ինձ դուր չի գալիս, որ քվեարկելու ժամանակ ընկերուհուս նկարում եք»,- ասաց պատգամավորը: