կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 18:20
Քաղաքական

Գյումրին բարեկարգ քաղաքից պետք է վերածվի զբոսաշրջային քաղաքի

Գյումրին բարեկարգ քաղաքից պետք է վերածվի զբոսաշրջային քաղաքի

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց կառավարությանը` ասելով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր որ ցուցում է տրվել գումար ուղղել Գյումրու փողոցների լուսավորությունն ապահովելուն, բացի այդ` գումարներ են տրվել Գյումրու ենթակառուցվածքների զարգացմանը: Պատգամավորը հարցրեց, թե, մասնավորապես, որքա՞ն գումար է ծախսվել Գյումրու ենթակառուցվածքների զարգացման վրա, ե՞րբ են սկսվելու և ավարտվելու այդ աշխատանքները:

Հարցին պատասխանեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` ասելով, որ Գյումրու վարկավորման ծրագրերը սկսվել են 2015թ. հոկտեմբերից, գումարը կազմում է 23 միլիոն եվրո: Նախարարը դրական գնահատեց այդ վարկավորումը` կարծիք հայտնելով, որ Գյումրին դրա արդյունքւոմ բարեկարգ քաղաքից կվերածվի տուրիստական կենտրոնի:

Լևոն Զուրաբյանն արձագանքեց, որ այդ կենտրոն տանող ճանապարհներն անգամ քարուքանդ վիճակում են, իսկ աշխատանքները դեռ սկսված չեն: «Խոստանո՞ւմ եք, որ այդ վարկային ծրագիրը կսկսեք իրագործել Գյումրիում»,- նախարարին հարցրեց պատգամավորը:

Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ այդ վարկավորումը շատ անհրաժեշտ է Գյումրիին: «Մինչև ապրիլի կեսերը պայմանագիրը ընթացքի մեջ կլինի, որից հետո ենթադրելի է, որ աշնանը կունենանք վարկային փաթեթը»,- ասաց նա: