կարևոր
8704 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 15:49
Քաղաքական

Ապիկար իշխանությունը ամեն ինչ անելու է, որ իր իսկ բառերով «իրական Հայաստանը» վերածվի «պատմական Հայաստանի»․ Խաչատուր Ստեփանյան

Ապիկար իշխանությունը ամեն ինչ անելու է, որ իր իսկ բառերով «իրական Հայաստանը» վերածվի «պատմական Հայաստանի»․ Խաչատուր Ստեփանյան

Ապիկար (եթե չասենք կոլաբորացիոնիստական) իշխանությունը ամեն ինչ անելու է, որ իր իսկ բառերով «իրական Հայաստանը» վերածվի «պատմական Հայաստանի»։ Մեծամասնության համար այլև պարզ է, որ գնում ենք դեպի կործանում, դեպի մայրամուտ, որը պետք է կասեցնել ամեն գնով։

Ի՞նչ է պետք կործանումն ու մայրամուտը կասեցնելու համար։ Թերևս այն հակաթույնը, որը կանխելու է կործանմանը նպաստող երևույթների զարգացումը։

Ինչպե՞ս է իշխանությունը հաջողացնում մարսել իր բոլոր հակապետական, հակաազգային, նույնիսկ հակամարդկային քայլերն ու գործողությունները։ Նախ՝ հասարակությանը պառակտելով, միմյանց հանդեպ ատելություն սերմանելով, արհեստական կեղծ պառակտիչ թեզեր մտցնելով։

Հայրենիքն ու պետությունը հակադրում են իրար, հասարակությանը նենգաբար համոզում մեր «թույլ» և «անօգնական» լինելու մասին և այլն։ Նրանց նպատակը մեկն է․ թույլ չտալ, որ հասարակությունը կենտրոնանա կործանումը կանխելու վրա։

Հակաթույնը համախմբվելն է հանուն փրկություն, ՀԱՆՈՒՆ Հայաստանի, և ոչ ընդդեմ իշխանության։ Իշխանություն այլևս չկա, կա կոլաբորացիոնիստների խմբակ, որը դեռ մնում է միայն և միայն հասարակության պառակտված լինելու պատճառով։ Պետք է հեռացնել կոլաբորացիոնիստներին հանուն Հայաստանի, այլապես «Իրական Հայաստանը» կվերածվի «պատմական Հայաստանի»։

Հ․ Գ․ Եթե ուզում ենք այս արևի տակ մեր մշտական տեղն ունենանք, փրկվելուց հետո պետք է «պատմական Հայաստանը» վերածել «իրական Հայաստանի»։

 

Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ