Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբկիրի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանն արդեն մի քանի օր է, ինչ անցել է իր պարտականությունների կատարմանը. քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրան արդեն ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմին ու թաղապետերին:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ քաղաքապետի վերաբերմունքը եւ վստահությունն էլ ավելի է պարտավորեցրել իրեն հետագա աշխատանքի հարցում: Գործընկեր թաղապետերի հետ առաջին հանդիպումն էլ դրական է գնահատում: «Կարծում եմ` ընթացքում էլ մեր համատեղ աշխատանքը կստացվի՝ ի շահ քաղաքի, ի շահ Արաբկիր վարչական շրջանի»,- ասաց նա:
Վարդանյանն արդեն ծրագրեր է մշակել, նոր գաղափարներն ու մտքերը ներկայացրել ենթականերին, բայցեւ, ըստ նրա, ամեն ինչի համար ժամանակ է պետք: «Ե՛վ քաղաքապետի, ե’ւ մեր քաղաքական թիմի օգնությամբ պետք է մեր նախանշած ծրագրերը կյանքի կոչենք»,- ասաց նա:
Իսկ ծրագրերը քիչ չեն՝ մանկապարտեզների վերանորոգում, աղբահանություն, լուսավորության ապահովում, բակային բարեկարգումներ և այլն: Թաղապետը կարեւորեց հնամաշ վերելակների խնդրի համար քաղաքապետարանի հետ միասնական լուծում գտնելը: Ըստ նրա` այսօր մասնագետներ չունենք, կարեւոր հարց է, պետք է լուծում գտնենք:
Անդրադառնալով աղբահանության խնդրին` նորանշանակ թաղապետն ընդգծեց, որ յուրաքանչյուրը պետք է իրենից, իր ընտանիքից սկսի քաղաքը, իր բակը մաքուր պահել. չնախատեսված տեղում աղբ չթափել:
Վարդանյանի խոսքով` խնդիրները լուծելու համար միայն թաղապետարանին հատկացվող բյուջեն բավարար չէ, փորձելու է ներդրումներ բերել: Շատ փակագծեր էլ չցանկացավ բացել. «Կլինի` կխոսենք»:
Հաջողությունների հասնելու համար, ըստ նորանշանակ թաղապետի, ամեն ոք պետք է իր տեղում լինի: Թաղապետարանում կադրային ջարդի հակված չէ. «Աշխատակազմը պրոֆեսիոնալ է: Եթե ընթացքում որեւէ մեկը թերանա, այդ ժամանակ կխոսենք: Աշխատող մարդն ինձ հետ միշտ ճանապարհ ունի: Չեմ ներելու դավաճանությունը, բացառվելու է դրամաշորթությունը, քաղաքացիների հետ վատ վերաբերվելն ու նրանց չփորձել լսելը, հասկանալն ու հնարավորությունների սահմաններում օգնելը»:
Դիտարկմանը, թե խիստ է աշխատանքում, արձագանքեց՝ պահանջկոտ եմ: Իր մասին շրջանառվող «առասպելներին» հումորով է վերաբերվում: Նա վստահեցրեց. «Էությամբ ուժեղ մարդ եմ, չեմ թուլանում»:
Մամուլի սադրանքներին չի տրվելու. կարեւորը գործն է, կարեւորը աշխատանքն է: «Ավելի լավ է` գործով զբաղվենք, ավելի լավ է՝ գործով ապացուցենք: Այսօր մեր համաքաղաքացիները, մեր հասարակությունը մեր արդյունավետ աշխատանքի կարիքն ունի»,- նշեց Վարդանյանը եւ հավելեց, որ, որպես բարձրաստիճան սպա, հետեւելու է գերագույն գլխավոր հրամանատարի՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի ելույթին, երբ նախագահը պաշտոնյաներին հորդորեց ամբողջ օրը չվատնել մամուլի հրապարակումները հերքելու կամ դրանց հետեւից ընկնելու վրա:
Դիտարկմանը` այդուհանդերձ, մամուլում հրապարակումներ եղան, որ Դուք «հեղինակություն եք», հակադարձեց. «Եթե ես ինքասիրություն ունեմ, եթե ես պատվախնդիր եմ, ունեմ շրջապատ, ընկերներ, ընտանիք, հավատք, դա նշանակում է, որ ես հեղինակությո՞ւն եմ»: Ի դեպ, հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք թշնամիներ ունի: «Եթե ինչ-որ մեկը կա, որ թշնամի է համարում ինձ, թող բարձրաձայնի»,- ասաց նա:
Խոսելով առաջիկայում սպասվելիք ընտրությունների մասին, մասնավորապես` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք նախկին ոստիկանի փորձը կօգնի ընտրությունների ժամանակ թույլ չտալ թաղային հեղինակությունների անօրինականությունները, Վարդանյանը վստահեցրեց. «Եթե իրավապահ մարմիններն իրենց տեղում են, իսկ ես վստահ եմ՝ իրենց տեղում են, փողոցի խուժանը եւ հանցագործ տարրերը չպետք է առնչություն ունենան ընտրական գործընթացի հետ»: Նաև հավաստիացրեց` ամեն ինչ անելու է, որ առաջիկա ընտրություններում Արաբկիրում լուրջ միջադեպեր չգրանցվեն:
Խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին` նշեց, որ շատ է խոսվել այս մասին, մի բան կարող է միայն վստահեցնել` եթե լավը չտվեց, վատ միանշանակ չի լինի, աշխատելու ցանկությունն, ամեն դեպքում մեծ է:
Նշենք, որ Հովհաննես Վարդանյանը ՀՅԴ համակիր է: Հարուստ կենսագրություն ունի: Մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, աշխատանքային գործունեությունը սկսել է ներքին գործերի նախարարությունից: Աշխատել է ՊՆ ոազմական ոստիկանությունում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության բաժնում: 2009-2010թթ. եղել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի բաժնի պետն է եղել, 2010-2011թթ.՝ ոստիկանության պետի կարեւորագույն գործերով օգնական, 2011-2013թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության ներքին անվտանգության ապահովման վարչության պետ: Մի շարք պարգեւներ է ստացել, ոստիկանության գնդապետ է: 2015-ից Ոստիկանության միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահն է: