կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 14:00
Քաղաքական

Եկեք զբաղվենք մեր հայրենիքի շենացմամբ. Լևոն Մարտիրոսյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Եկեք զբաղվենք մեր հայրենիքի շենացմամբ. Լևոն Մարտիրոսյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած` «Գաղտնազերծման /լյուստրացիայի/ մասին» օրենքը:

Զարուհի Փոստանջյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ չորրորդ գումարման ԱԺ-ին ևս ներկայացրել է այս օրինագիծը, որն այն ժամանակ նույնպես հավանության չի արժանացել: Նախագիծը միտված է բոլոր այն անձանց, ովքեր նախկինում կապ են ունեցել հատուկ ծառայությունների հետ, և դրա մասին հասարակությունը պաշտոնապես չի իմացել:

«Գտնում ենք, որ հատուկ ծառայությունների հետ այդ անձանց կապը կարող է այսօր էլ շարունակվել, և այդ կապի մասին նրանք պետք է հայտնեն: Լինելով Խորհրդային միության երկիր` մենք այդ մարդկանց այն ժամանակ չենք գաղտնազերծել, և մեր խնդիրների մի մասն էլ գալիս է հենց այդտեղից: Բոլոր այն երկրները, որտեղ ընդունեցին այս օրենքը, ավելի դինամիկ սկսեցին զարգանալ»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը հարցրեց Փոստանջյանին, թե ինչ է հասկանում` լյուստրացիա ասելով, որովհետև, առհասարակ, լյուստրացիան օտար պետությունների գործակալներին բացահայտելու համար է, հիմա Հայաստանը ո՞ր օտար երկրի գործակալներին է ցանկանում բացահայտել: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այդ երկիրը նախկին Խորհրդային միությունն է, որտեղ գործել են հատուկ ծառայություններ:

«Եկեք զբաղվենք մեր հայրենիքի շենացմամբ, այլ ոչ թե անհեթեթություններով»,- արձագանքեց Լևոն Մարտիրոսյանը:

Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը նշեց, որ իրավական տեսակետից այս օրենքի նախաձեռնությունը լուրջ հակասություններ ունի օրենսդրության հետ: Նրա խոսքով` բոլորն էլ կողմնակից են, որ օտարերկրյա գործակալները բացահայտվեն, բայց ազգային անվտանգությունում աշխատող ավագ սերնդի կադրերը նույնպես պրոֆեսիոնալներ են եղել, հայրենասեր, ուստի նրանց բացահայտելու կարիք չկա, նրանք հայտնի են:

Կառավարության ներկայացուցիչ` արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ կառավարության եզրակացությունը օրենսդրական նախաձեռնությանը բացասական է:

Քվեարկությամբ` օրենքի նախագիծը չանցավ օրակարգ: