Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր հուշ-ցերեկույթ և եզակի լուսանկարների ցուցադրություն` նվիրված Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշային գնդակահարելու 95-րդ տարեդարձին:
Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նշեց, որ ամենակարևորն այն է, որ այսօր, երբ մենք սերունդ ենք դաստիարակում, ուզում ենք` առաջին հերթին նրանք հասկանան, որ այն տարիներին ցեղասպանություն ապրած ժողովրդի արժանապատվության խնդիրը լուծելու խիստ անհրաժեշտություն կար:
Օրվա կարևոր խորհուրդներից մեկը, ըստ Մինասյանի, այն է, որ հայրենասեր և նվիրված մարդկանց նոր սերնդին ներկայացնելու խնդիրն է լուծվում, որպեսզի սերունդները ճանաչեն այն հերոսներին, որոնք մեր ժողովրդի վրեժը լուծեցին և ժողովրդին ապրեցնելու կենսատու երակը գտան:
«Համաշխարհային պատերազմի շրջանում ժողովուրդը հանկարծակիի էր եկել և հոգեկան ապրումների մեջ էր, և երբ հանգիստ պայմաններում անհրաժեշտություն եղավ իմաստավորելու այդ խնդիրը, անհրաժեշտություն առաջացավ պատասխան տալ այդ հարցին, թե Ցեղասպանություն ապրող ժողովուրդն արժանապատվություն ունի՞` պատասխան տալու և արդարությունը վերականգնելու, վրեժը լուծելու: Հայրենասեր այդ տղաները, որոնք մի ամբողջ ժողովրդի վրեժը լուծեցին, գիտեին, որ իրենք կարող են դատապարտվել նաև մահվան, բայց վրեժխնդրության և արդարության գաղափարի իրագործումն էր նրանց առաջ մղում»,- ասաց նա:
Մինասյանը նշեց նաև, որ այսօրվա ուսանողությունն, անշուշտ, պետք է գզա դրա կարևորությունը և դաս քաղի այս ամենից: «Մատաղ սերնդի դաստիարակության մեջ անհրաժեշտ է ներարկել հայրենասիրություն, պատմական դեպքերը ներկայացնել, թե ինչպես հայ ժողովրդի դահիճներն իրենց պատիժը կրեցին»,- ասաց նա:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն էլ նշեց, որ թեև «Նեմեսիս» գործողությունը սկսվել է 1919-ին, սակայն 1921-ի մարտի 15-ից հետո այդ օրը մեր պատմության մեջ առանձնակի խորհուրդ ստացավ և հաճախ ասոցացվում է «Նեմեսիս» գործողության հետ:
«Այդ օրը տեղի ունեցածը շրջադարձային էր մեր պատմության մեջ և կարծես հայտ էր, որը մեր ժողովուրդը ներկայացրեց` վերադառնալու արժանապատիվ ժողովուրդների կեցության մեջ: Դա այն դեպքն էր, որը մեր ժողովրդի ճակատից մաքրեց ցեղասպանված ու կոտրված ժողովրդի խարանը: Դրա համար մարտի 15-ը` որպես մեր ինքնության, արժանապատվության վերագտման, ինչպես նաև արդարացի վճռի օր, կարևորում եմ մեր պատմության մեջ»,- ասաց նա:
Ըստ Ղուկասյանի` եթե համեմատենք մեր պատմության մեջ հայտնի այլ փաստերի հետ, «Նեմեսիս» գործողության մասին մենք որոշակի ինֆորմացիայի տիրապետում ենք, սակայն կա թյուրըմբռնում, որ «Նեմեսիս» գործողությունն ինքնաբուխ, հայրենանվեր հայորդիների կողմից իրականացված մի գործողություն է, որը կազմակերպչական հիմքի վրա դրված չէր: Սակայն, ըստ նրա, երբ հետ հայացք ենք գցում, տեսնում ենք, թե որտեղից եկավ այն` ՀՅԴ-ն հանձնառու կերպով այդ ուխտը կյանքի կոչեց և իր առաջին ժողովի ժամանակ որոշեց պատժել ոճրագործներին: