կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 16:37
Հասարակություն

Ոչ ոք չի ասել սիրիահայերին` եկեք, մենք ձեզ ամեն ինչ կտանք. մի խումբ սիրիահայեր

Ոչ ոք չի ասել սիրիահայերին` եկեք, մենք ձեզ ամեն ինչ կտանք. մի խումբ սիրիահայեր

Այսօր լրագրողները հանդիպում ունեցան մի խումբ սիրիահայերի հետ, քննարկեցինք նրանց խնդիրները: Նրանք նախ նշեցին, որ  սիրիահայեր հայրենակիցներին օգնելու նպատակով բացվել է «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն, որը 15 օր է` գործում է եւ խորհրդատվությամբ կամ իրավաբանական ծառայություններով օգնում գործարար սիրիահայերին: Նպատակն է աջակցել այնպես, որ գործարար սիրիահայերը բիզնեսը զարգացնեն եւ չարտագաղթեն:

Սիրիահայերը նշեցին, որ երբ նոր էին եկել, շատ խոչընդոտների են հանդիպել, դրան էլ գումարվել են օրենսդրական դաշտին ծանոթ չլինելն ու շուկայի փոփոխությունները: Արտաքին շուկաներից, բնականաբար, ռուսական շուկան է մոտիկ կամ ԵՏՄ անդամ երկրներինը, սակայն այստեղ էլ սիրիահայերը բախվում են լեզվական խնդրին, քանի որ չեն տիրապետում ռուսերենին:

Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են տարածված կարծիքները, թե սիրիահայերը մասսայաբար հեռանում են Հայաստանից, բանախոսները պատասխանեցին, որ այնքան էլ համաձայն չեն: Ըստ նրանց`  մի  քանի ընտանիքի հեռանալը չի նշանակում, որ նրանք մասսայաբար հեռանում են, կամ որ սիրիահայերի համար Հայաստանում վատ է:

«Երբ նրանք եկել են Հայաստան, ոչ ոք չի ասել նրանց` եկեք, մենք ձեզ ամեն ինչ կտանք: Նրանք պետք է հարմարվեին օրենքներին, բարքերին, պետք է ստեղծեին իրենց աշխատանքը»,- նշեց Միքայել Կարապետը:

Բանախոսները կարծում են, որ եթե ճարպիկ լինեն եւ համբերություն ունենան, բոլոր հարցերն էլ կլուծվեն, ու ստիպված չեն լինի հեռանալ  Հայաստանից: