կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-29 14:09
Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը տարին կսկսի շվեյցարական Քրանս-Մոնտանայում համերգով. կհնչի նաև Արամ Խաչատրյան

Սերգեյ Սմբատյանը տարին կսկսի շվեյցարական Քրանս-Մոնտանայում համերգով. կհնչի նաև Արամ Խաչատրյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2018 թվականի առաջին ելույթը կունենա  հունվարի 1-ին՝ մասնակցելով Շվեյցարիայի Քրանս-Մոնտանայում կայանալիք Crans-Montana Classics-ի 6-րդ ամանորյա գալա համերգին։ Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Միլանի Cameristi della Scala նվագախումբը։

Տոնական երեկոյի ընթացքում հանդիսատեսը կունկնդրի շքեղ ծրագիր. նվագախումբն ու դաշնակահար Յան Լիշեցկին երկու բաժնից բաղկացած համերգում կներկայացնեն Ֆրեդերիկ Շոպենի, Պյոտր Չայկովսկու, Ժորժ Բիզեի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։ Եվ իհարկե, ավանդույթի համաձայն՝ Սերգեյ Սմբատյանն իր ղեկավարած համերգում կներկայացնի նաև հայկական կոմպոզիտորական արվեստը. կհնչեն հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Նշենք, որ Քրանս-Մոնտանան շվեյցարական հայտնի լեռնային հանգստավայր է, որտեղ անցկացվում է մեծ ճանաչում ունեցող Crans-Montana Classics-ը, որի ընթացքում տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ աշխարհահռչակ երաժիշտների ու մենակատարների մասնակցությամբ։ Անցկացվում են նաև վարպետության դասեր, որոնց նպատակն է խթանել և օգնել նոր սերնդի երաժիշտներին։