Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2016-ը հայտարարվել է հավասար հնարավորությունների տարի: Ի դեպ, Հայաստանում հաշմանդամություն ունեցող 200 200 անձ կա` բնակչության 6-7 տոկոսը:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ Հայաստանում այս տարի մի շարք բարեփոխումներ կիրականացվեն` անցումները մատչելի կլինեն լսողության և տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար` կտեղադրվեն ռելիեֆային գծանշումներ, ինչպես նաև վառ գույների նշաններ:
Բացի այդ` այս տարի կքննարկվի բուհերի հարմարեցման հարցը, և բոլոր բուհերի ղեկավարներն իրենց համաձայնությունն ու ցանկությունն են հայտնել, որպեսզի իրենց կառույցը լինի ներառական:
Խոսելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին` Ալավերդյանը նախ անդրադարձավ հանրակրթական ոլորտին:
«Ես կողմ եմ ներառական կրթությանը, այլընտրանք չկա, բայց պետք է ասեմ, որ ներառական կրթության ոլորտում հակասական է պատկերը: Տարիներ շարունակ Հայաստանում կիրառվում է ներառական կրթությունը, սակայն գոնե մեկ սանհանգույց չկա` հարմարեցված ներառական կրթություն իրականացնող 100-ից ավելի դպրոցներում: Մինչև 2025-ը պետք է բոլոր դպրոցները դառնան ներառական, բայց մտավախություն ունեմ, որ ավելի շատ ձևական կլինի դա: Կուզեի` ավելի դանդաղ, բայց պրոֆեսիոնալ քայլերով առաջ շարժվեինք` ստեղծեինք քիչ թվով, բայց իդեալական պայմաններով հարմարեցված դպրոցներ»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Խոսելով մեկ այլ` աշխատանքի խնդրի մասին` Ալավերդյանը նշեց, որ մեզ մոտ աշխատունակ տարիքի` հաշմանդամություն ունեցող անձանց 8-9 տոկոսն է զբաղված, սակայն, ըստ նրա, թիվն այդքան էական չէ, որքան գործատուների մտածելակերպի փոփոխությունը: «Մեծ առաջընթաց կա այդ առումով, և մի շարք գործատուներ սիրով հաշմանդամություն ունեցող անձանց ընդունում են աշխատանքի: Նրանք, ի դեպ, կարող են աշխատել ցանկացած ոլորտում` կախված կրթությունից, հմտություններից և հաշմանդամությունից»,- ասաց նա:
Ալավերդյանն անդրադարձավ նաև մասնագիտական կրթության ոլորտին` նշելով, որ Հայաստանում բուհերը հարմարեցված չեն, սակայն այդ բացը լրացվում է վերապատրաստման միջոցով: «Հարցին կարծես թե ժամանակավոր լուծում են տվել, սակայն մեծ առումով հարցը մնում է չլուծված: Հուսանք` այս տարի որոշ առաջընթաց կգրանցենք այս ոլորտում»,- նշեց նա: