կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-24 13:55
Քաղաքական

Այդպիսի հարց չկա, որ դուրս մնա համագործակցության տեսադաշտից. Արմեն Ռուստամյան

Այդպիսի հարց չկա, որ դուրս մնա համագործակցության տեսադաշտից. Արմեն Ռուստամյան

Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև կստորագրվի քաղաքական հուշագիր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ հուշագիրը կստորագրվի առաջիկա ժամերի ընթացքում, և երբ բովանդակությունը հրապարակվի, կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:

«Հենց հստակեցվի, ամեն ինչ էլ կխոսենք, մանրամասն ամեն ինչ կասվի, հո թաքուն չի՞ լինելու»,- ասաց նա:

Հարցին, թե մարզպետերի հետ կապված հարցե՞րն էլ են հստակեցվելու, Ռուստամյանը պատասխանեց, որ բոլոր հարցերն էլ հստակեցվելու են: «Չի մնալու ձեր կողմից բարձրացվող մի հարց, որը կմնա անպատասխան: Ամեն ինչ հրապարակային է լինելու: Ձեզ էլ խնդրելու ենք, որպեսզի հետևեք, որ այն, ինչ համաձայնեցրել ենք, իրականություն դառնա, և դուք էլ ընկալեք ու ստիպեք, որ համագործակցող կողմերն իրականություն դարձնեն ամեն ինչ»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ էին այս ընթացքում տարակարծությունները, Ռուստամյանը պատասխանեց. «Հարցերի շատ մեծ փաթեթ է, որոնք ապագային են ուղղված` մեր ներքին և արտաքին բոլոր ոլորտներին վերաբերող: Այս համագործակցությունը փակ դաշտ չի տեսնելու: Այդպիսի հարց չկա, որ դուրս մնա այդ համագործակցության տեսադաշտից»:

Ռուստամյանը նշեց նաև, որ դեռևս չի քննարկվել այն հարցը, թե Արծվիկ Միանսյանին ով է փոխարինելու խորհրդարանում: Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ այդ հարցի առնչությամբ լուրջ խմորումներ են, արձագանքեց, թե ինքն անհանգստացած է մամուլի վիճակով:

«Եկեք վերլուծենք` այս երկու ամիսների ընթացքում ինչ է կատարվում: Ինչ ասես` մոգոնվեց: Այնքան սուտ, ու ոմանք էլ այնպիսի զառանցանքներ են այս երկու ամսում տարածել, որ ես սարսափում եմ: Ամոթ չե՞ն անելու այն մարդիկ, որ այդ աստիճանի ստեր են խոսել: Պետք չէ այս աստիճանի աղավաղել վիճակը. մոգոնել հարցեր, հետո գալ, հարցնել` էս ինչը բան ա ասել, մեկնաբանեք: Գնացեք, հենց իրենից էլ մեկնաբանություն ստացեք: «Դաշնակցությանը մոտ կանգնած աղբյուրներից իմացանք սենց...»: Ես էլ ասում եմ` եթե ես Դաշնակցությանն այդքան մոտ չեմ, ուրեմն գնացեք ավելի մոտ աղբյուր փնտրեք: Մոգոնվում է: Այստեղ այդպիսի բան չկա»,- ասաց նա:

Հարցին, թե խմբակցությունում նախատոնական տրամադրություննե՞ր են, Ռուստամյանը պատասխանեց. «Իսկ դուք այստեղ փուչիկներ տեսնո՞ւմ եք, տոն կա՞»:

Նրա խոսքով` ստորագրվող փաստաթուղթն աշխարհին վերաբերող բոլոր հարցերը չի ներառելու, բայց չորս-հինգ էջի սահմաններում գրված են կարևորագույն հարցերը, որոնք իրենց բավարարում են` համագործակցություն իրականացնելու համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ ամեն ինչ փոխզիջումներով է լինում:

Անդրադառնալով այն լուրերին, թե ՀՅԴ դրսի կառույցներն առաջիկա համագործակցությանը դեմ են, Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ դրսի կառույցները ևս նորմալ են վերաբերվում այս համագործակցությանը: «Լավ էր, Աստված տվեց ես այդ օրերին, երբ այս հարցը քննարկվում էր, ԱՄՆ-ում էի, որտեղ իբրև թե ըմբոստություն էր: Ես այնտեղ այս ամեն ինչի մասին խոսել եմ 3 հազար հոգանոց դահլիճի առջև, և բոլորը ծափահարում էին»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` այս համագործակցությունն անժամկետ է, հեռանկարին միտված խնդիր է:

Հարցին, թե` համագործակցելով` կառողջացնե՞ք իշխանությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Բա ի՞նչ ենք անում, հո չենք գնում` հիվանդանանք»:

Նա տեղեկացրեց նաև, որ հուշագիրը կստորագրվի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի և ՍԵրժ Սարգսյանի միջև` նախագահի նստավայրում: