Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ-ն չի ընդունում մոտեցումները` տարբերակել աղքատներին հարուստներից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառանալով ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին:
Հարցին` ՀՅԴ-ն ի՞նչ գնահատական է տալիս նման հայտարարություններին, պատգամավորը պատասխանեց. «Մեր տեսակետները հստակ են: Մենք, բնականաբար, չենք կիսում այդպիսի մոտեցումներ` տարբերակել աղքատներին հարուստներից. մարդը մարդ է և պետք է ունենա լիարժեք ապրելու, սնվելու, գոյատևելու պայմաններ: Սա միանշանակ է, և երկու կարծիք լինել չի կարող»:
Հարցին` որպես սոցիալիստական կուսակցություն` չե՞ն պատրաստվում պահանջել, որ այդ պատգամավորները վայր դնեն մանդատը, Ռուստամյանը պատասխանեց, որ պատասխանատու չեն առանձին պատգամավորների հայտարարությունների համար: «Պատգամավորի հրաժարականի կարգ գոյություն չունի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնի հրաժարականը պետք է հանձնաժողովը բարձրացնի: Ցանկացած պատգամավոր պետք է իր ասածների համար պատասխան տա: Դաշնակցությունից պահանջել, որ մարդկանց ստիպի այս կամ այն անհարկի հայտարարություների համար պատասխան տալ, կարծում եմ` տեղին չէ»:
Ռուստամյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է մարդկանց հարուստների և աղքատների բաժանելը: «Մեր երկիրը վաղուց Մարդու իրավունքների կոնվենցիայի մաս է: Այդ պատգամավորները երևի տեղյակ չեն դրանից: Տարբերակում չի կարող լինել, սա միայն սոցիալիստ լինել-չլինելու հետ կապված չէ, սա շատ տարրական մարդասիրության և մարդ հասկացության եզրույթը հասկանալու հետ է կապված»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով թանկացումներին և աղքատների վրա դրանց ազդեցությանը, ասել էր, եթե միսը թանկ է կամ էժան, այդ մարդը, միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել, իսկ Հակոբ Հակոբյանն ասել էր` թանկացումը չի վնասի աղքատին, քանի որ նա ինքն է խուսափելու թանկացած ապրանքներից:
Ինչ վերաբերում է հարցին, որ, պաշտոնական տվյալներով, երկրում ունենք մոտ 30% աղքատություն, ո՞վ է մեղավոր և ինչո՞ւ է այս վիճակը, Ռուստամյանը նշեց, որ իրենք առանձին դետալի վրա կենտրոնացված գնահատականներ չեն ընդունում: Ըստ նրա` պետք է ամբողջական պատկերը տեսնել, ոչ թե, առանձին վերցրած, մի էպիզոդ, ու դրա վրա եզրակացնել:
«Մենք ճիշտ ենք գնահատում այն քաղաքականությունը, որն այսօր կառավարությունն իրականացնում է. ուղղություններն ու լուծումները ճիշտ են, բայց տեմպերն են ոչ բավարար, դրա պատճառով էլ հանրային ընկալման մեջ այդ գիտակցությունը չկա, որ երկիրը ճիշտ ընթացքի մեջ է: Մարդիկ ուզում են իրենց կենցաղում տեսնել այդ փոփոխությունները, և ես վստահ եմ, որ կտեսնեն, սակայն համար ժամանակ է պահանջվում: Մենք, իշխանության մեջ լինելով, ամեն ինչ անելու ենք, որպեսզի տեմպերն ավելանան, և մարդիկ իրենց կենցաղում այդ փոփոխությունները տեսնեն»,- ընդգծեց նա:
Դիտրակմանը, թե մեր երկրում սոցիալական բևեռացվածությունն ավելի է խորանում, պատգամավորը չհամաձայնվեց: «Երկու, երեք տարի առաջ ավելի վատ էր, քանի հիմա: ԵԱՏՄ երկրների կազմում Հայաստանն այսօր ավելի լավ ցուցանիշ ունի, քան ԵԱՏՄ-ի միջինն է: Նոր համապարփակ համաձայնագիրը, որ կնքել ենք, կմոտենանք նաև եվրոպական միջինին: Ես կարծում եմ` ուղղությունը ճիշտ է ընտրված, և ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի»,- եզրափակեց Ռուստամյանը: