Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում սպառողական շուկայում խուճապ է, քանի որ հասարակությունն ակնհայտ վերահսկողության պակաս է նկատում: Այսօր լրագրողներին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ սպառողական շուկայում հայտնաբերվել էին վտանգավոր ապրանքներ: Պիպոյանը տեղեկացրեց, որ այդ ապրանքների թվում են մսամթերք, կաթնամթերք, լվացքի փոշիներ, կոսմետիկա և գազավորված ըմպելիքներ:
Ըստ նրա` ճիշտ է, պարտադիր չէ, որ բոլոր վտանգները, որոնք եղել են ՌԴ-ում, լինեն նաև մեզ մոտ, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե մեզ չի սպառնում այդ վտանգը:
«Պարենային և ոչ պարենային այն ապրանքները, որոնք հայտնաբերվել էին ՌԴ-ում, դրանց իրացումը ՀՀ-ում էլ կա, սակայն մեզ մոտ վերահսկողություն չկա: Հայաստանում վերահսկողությունն իրականացնում է երկու մարմին` պարենային ապրանքներինը` Սննդի անվտանգության ապահովման ծառայությունը, իսկ ոչ պարենայինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, որը չի իրագործում իր գործառույթները»,- ասաց Պիպոյանը:
Ըստ նրա` ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետն ամիսներ առաջ է նշանակվել, սակայն դեռ պարզ չեն նրանց գործառույթները, որովհետև նրանք վերահսկողություն փաստացի չեն իրականացնում:
Պիպոյանը զարմանում է, թե ինչպես կարելի էր Ամանորի օրերին` ամենավտանգավոր շրջանում, շուկան վերահսկողությունից դուրս թողնել: «Չեմ էլ կարող երկար քննարկել մի կառույցի գործունեությունը, որը չի գործում: Առաջիկայում մենք պատրաստվում ենք նամակով դիմել կառավարությանը, որպեսզի մոնիթորինգ անցկացնի տվյալ հիմնարկում, քանի որ ստացվում է` խնդիրը բարձրացնում ենք, և այն մնում է օդում»,- ասաց նա:
Պիպոյանը նշեց նաև, որ սովորաբար աշխարհում ընդունված է, որ վերահսկողություն իրականացվում է երկու կողմից` թե\' պետության, թե\' հասարակության, սակայն Հայաստանում այդպես չէ` Հայաստանում պետությունն ամեն կերպ փորձում է հերքել հասարակության կողմից հայտնաբերված խախտումները: