կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 12:09
Առանց Կատեգորիա

Ակամա ծաղրածուներ

Ակամա ծաղրածուներ

Ինչո՞ւ քանդեցին միակ կրկեսը Երևանում: Մի պարզ պատճառով` Հայաստանին կրկես պետք չէ: Եվ, առհասարակ, Հայաստանում ծաղրածու ծնվում են, ծաղրածու չեն դառնում: Նույնիսկ ծաղրածուի դպրոց չունենք: Սա էլ` ձեզ ապացույց:

Անցյալ գիշեր, ուրեմն, «Ժամանակ» թերթի և հարակից «Առաջին լրատվական» կայքի սուրհանդակները կախված են եղել ՀՅԴ ԳՄ շենքի երկրորդ հարկի պատշգամբից ու մինչև վերջ լսել, թե ինչ են քննարկում ներսում: Իսկ ներսում, ինչպես իրենք են ասում, կռիվ է եղել, մարդիկ բարձր-բարձր վիճել են, թե ով պետք է Դաշնակցությունից ներկայացված լինի կառավարությունում: Եվ քանի որ ներսում «շոգ» է եղել, դաշնակցականները դուռ-լուսամուտ բացած են վիճել` դույզն-ինչ չկասկածելով, որ ինչ-որ մեկն այդ պահին կարող է  կախված լինել պատշգամբից:

Պատշգամբից կախված լրագրություն անելը, իհարկե, դրվատանքի արժանի գործ է: Դրա համար լրագրողը պետք է ամենահաս լինի, ընդհուպ` ակրոբատ: Իսկ թե ինչո՞ւ են մեծ դժվարությունների գնով ձեռք բերած ինֆորմացիան ներկայացրել ծաղրածուության ժանրում, չեմ կարող ասել: Դա «Ժամանակի» և նրա կայքի առանձնահատկությունների հետ է կապված, հավանաբար:

Ծաղրածուն առաջին հերթին պետք է ծիծաղելի լինի: Իհարկե, կան նաև հանճարեղ տխուր ծաղրածուներ, բայց այդ ենթաժանրին սրանք չեն ձգում: Փորձում են, իհարկե, լուրջ երևալ, բայց դա նրանց մոտ ստացվում է այնքանով, որքանով միայն:

Խնդիրն այն է, որ այս թերթն ու կայքը, իրենց շատ այլ բախտակիցների հետ, արդեն 20 օր է` գրում է միայն այն մասին, որ Դաշնակցությունում արդեն որոշել են, թե ովքեր են լինելու նախարարներ, ովքեր` մարզպետներ, փոխնախարարներ, վարչական շրջանների ղեկավարներ և այլն, և այլն: Գրել են այնպիսի համոզվածությամբ, ասես դաշնակցական ժողովից հենց նոր են դուրս եկել: Գուցե հարցնեք` ի՞նչն է այստեղ զարմանալին, բոլորը գրում էին, նրանք էլ են գրել: Ես էլ հենց դա եմ ասում` բոլորը գրում էին, իրենք էլ էին գրում: Հայաստանում Դաշնակցության մասին «իմաստուն» բաներ գրողների պակաս չկար, առհասարակ: Բայց հիմա էլ գրում են, որ ինչ գրել են, սուտ է, և Դաշնակցությունը դեռ որոշում չունի, թե ովքեր են ստանձնելու մոգական պորտֆելները:

Ի՞նչ ստացվեց: Կրկես:

Հիմա հասկանում եմ, թե ինչու հայ կոմունիստները մամուլի շենքը Երևանի կրկեսի հենց դիմացի մայթին սարքեցին: Գիտեին, երևի, թե ինչ է գալու մեր գլխին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ